ՀԷՑ-ում առաջիկա 5 տարում կներդրվի 100 մլրդ դրամ

14.09.2016 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն այսօր ասել է, որ առաջիկա 5 տարիներին ընկերության սեփականատեր «Տաշիր Գրուպ»-ը նախատեսում է իրականացնել շուրջ 100 մլրդ դրամի (շուրջ $210 մլն) ռազմավարական զարգացման ներդրումային ծրագիր:

ՀԷՑ-ի տնօրենի խոսքով` միջոցները կուղղվեն բաշխիչ ցանցի բարելավմանն ու ենթակառուցվածքների վերազինմանը, որոնց շուրջ 85%-ը մաշված է, ինչը հանգեցնում է վթարայնության եւ տեւական հոսանքազրկումների:

«Օպերատիվ առումով ամեն ինչ անում ենք վթարների հետեւանքներն արագ վերացնելու համար: Ինչ վերաբերում է դրանց կանխարգելմանը, ապա նախատեսում ենք առաջիկա 5 տարվա ներդրումային ծրագրի շուրջ 42%-ը` մոտ 41,4 մլրդ դրամը, ուղղել ցանցի վերակառուցմանն ու սարքերի փոխարինմանը, ինչը կնվազեցնի վթարների հաճախականությունը»,- նշել է նա:

Կարեն Հարությունյանն ընդգծել է, որ այս տեսանկյունից առաջիկայում կլինեն դինամիկ փոփոխություններ, սակայն կատարյալ բաշխիչ համակարգ ունենալու համար անհրաժեշտ են շարունակական ներդրումներ:

Ըստ ՀԷՑ-ի տնօրենի` նախատեսվող ներդրումային ծրագիրը չի անդրադառնա էլեկտրաէներգիայի սակագների վրա, քանի որ այն բաշխված է հատուկ սկզբունքով` խուսափելու ավելորդ ծանրաբեռնվածությունից:

Նրա բնորոշմամբ` ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունից հետո որոշակիորեն նվազել է էլեկտրաէներգիայի բաշխման կորուստների մակարդակը: Նախկինում այս ցուցանիշը կազմում էր 11,2%, ինչը հասել է 11,02%-ի եւ առաջիկա տարիներին ակնկալվում է նվազեցնել մինչեւ 9%-ը:

Անդրադառնալով ընկերության ֆինանսական արդյունքներին՝ Կարեն Հարությունյանն ասել է, որ ՀԷՑ-ն այս տարվա առաջին կիսամյակում արձանագրել է շուրջ 15 մլրդ դրամի շահույթ, ինչը «չի հանդիսանում գերշահույթ եւ ուղղվել է նախկին ժամկետանց պարտավորությունների մարմանը»:

«Այսօր ՀԷՑ-ն ամբողջությամբ մարել է թե՛ պետական, թե՛ մասնավոր ընկերությունների հանդեպ ժամկետանց պարտավորությունները: Հետագայում եւս կանենք ամեն ինչ՝ նման իրավիճակից խուսափելու համար»,- ընդգծել է ընկերության ղեկավարը:

Կարեն Հարությունյանի գնահատականներով` «ընկերությունը տարին փակելու է նույն 15 մլրդ դրամով, այսինքն` երկրորդ կիսամյակում շահույթ, որպես այդպիսին, չի ակնկալվում»:

«Տարվա առաջին կիսամյակը, որպես կանոն, անհամեմատ արդյունավետ է երկրորդի համեմատ` պայմանավորված այդ ամիսների ջրառատությամբ: Մինչդեռ երկրորդ կիսամյակում արտադրվում է ամենաթանկ էլեկտրաէներգիան` ՋԷԿ-երի հաշվին: Բացի այդ, առաջիկայում կանգնելու է ատոմակայանի աշխատանքը` պլանային վերանորոգումների նպատակով, ինչը նույնպես կազդի շահույթի վրա»,- նշել է նա:

Կարեն Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀԷՑ-ի նկատմամբ «Նաիրիտ» եւ «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերությունների պարտքերը, որոնք կազմում են ընկերության դեբիտորական պարտքերի պորտֆելի 80-90%-ը (մոտ 1,4-միլիարդական դրամ), դեռեւս չեն մարվել:

Դիտում՝ 4207
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW