Տիգրան Ջրբաշյան. Նոր գործադիրի հետ հարկային քննարկումները կլինեն ավելի բաց

09.09.2016 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի (The American Chamber of Commerce in Armenia - AmCham) նախագահ Տիգրան Ջրբաշյանը կարծում է, որ նոր ձեւավորվող կառավարությունը պատրաստ կլինի հարկային բարեփոխումների ավելի բաց եւ խոր քննարկմանը:

Այս մասին Տիգրան Ջրբաշյանը նշել է նախօրեին Երեւանում` ներկայացնելով Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի մշակած հարկային բարեփոխումների այլընտրանքային փաթեթը:

«Այսօր ձեւավերվել է լավ իրավիճակ, երբ հնարավոր կլինի ավելի խորքային վերանայել հարկային օրենսգիրքը եւ ընդունել մի փաստաթուղթ, որն իրականում ուղղված կլինի զարգացմանը, այլ ոչ թե տակտիկական խնդիրների լուծմանը»,- ասել է նա:

Տիգրան Ջրբաշյանի խոսքով` նոր ձեւավորվող կառավարությունն «ազատ կլինի այն որոշակի ծանրաբեռնվածությունից, որը կրում էր նախորդ կառավարությունը»:

Այլընտրանքային փաթեթի առանցքային գաղափարը «21» հայեցակարգն է, որով առաջարկվում է սահմանել հավասար դրույքաչափեր եկամտային հարկի, ԱԱՀ-ի եւ շահութահարկ+շահաբաժնի հարկի համար: Նպատակը, ըստ Տիգրան Ջրբաշյանի, միասնական, ընկալելի եւ պարզ համակարգի ապահովումն է:

Մասնավորապես, առաջարկվում է վերացնել եկամտային հարկի պրոգրեսիվ բնույթն ու սահմանել միասնական 21% դրույքաչափ` միաժամանակ եկամտի չհարկվող շեմ սահմանելով նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք գումարը:

Պալատն առաջարկում է բարձրացնել ԱԱՀ-ի շեմը մինչեւ 21%, ինչը թույլ կտա կրճատել պետական բյուջեում եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումից առաջացած դեֆիցիտը:

Միաժամանակ, առաջարկվում է ԱԱՀ հարկման դաշտում ներառել նաեւ կրթությունն ու առողջապահությունը` հետագայում այդ գումարներն ուղղելով սոցիալական խնդիրների լուծմանը:

Պալատն առաջարկում է Հայաստանում շահաբաժինների համար սահմանել 11% հարկ` անկախ տվյալ անձի քաղաքացիությունից, իսկ շահութահարկի դրույք սահմանել 10%-ը:

Բացի այդ, առաջարկվում է ծխախոտային արտադրանքի համար սահմանել աստիճանաբար բարձրացող 11-15% տարեկան ակցիզային հարկ` հաշվի առնելով այս արտադրանքի` մարդկանց առողջությանը պատճառող վնասը:

Տիգրան Ջրբաշյանի խոսքով` գործարար միջավայրի զարգացման համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական դաշտի կանխատեսելիություն: Այս նպատակով պալատն առաջարկում է ցանկացած նոր օրենք ուժի մեջ մտցնել դրա ընդունումից միայն 1 տարի անց:

«Նոր հարկային օրենսգիրքը պետք է ուղղված լինի հետեւյալ խնդիրների լուծմանը` օտարերկրյա ներդրումների ներգրավում, տնտեսական ակտիվացում, վերազինում ու արդիականացում, արտահանման խթանում եւ կայուն տնտեսական աճի ապահովում»,- ընդգծել է Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բիզնես ոլորտի շահերը ներկայացնող որոշ կառույցներ, այդ թվում՝ Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատը, իրենց անհամաձայնությունն էին հայտնել նախագծի որոշ դրույթների վերաբերյալ:

Դիտում՝ 9455
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW