Սեպտեմբերի 19-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում-2016» (Made in Armenia-2016) ցուցահանդեսը:Ցուցահանդեսի կազմակերպիչ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ էքսպոյին Հայաստանից եւ Արցախից կմասնակցի ավելի քան 330 ընկերություն՝ սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության եւ ՏՏ ոլորտներից։ Կարեն Մկրտիչեանի խոսքով՝ «Արտադրված է Հայաստանում-2016»-ի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը։Հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանն էլ նշել է, որ ցուցահանդեսին հրավիրվել եւ մասնակցությունը հաստատել են գործարար պատվիրակություններ Եվրասիական տնտեսական միությունից, Եվրամիությունից, Իրանից, Միացյալ Նահանգներից, Չինաստանից։ Հայկ Միրզոյանի կարծիքով՝ ցուցահանդեսը շատ լավ հարթակ է նաեւ գործարար կապերի հաստատման, ներդրումային ծրագրեր կազմելու, համատեղ ընկերությունների ստեղծման, տեղական արտադրողների ու օտարերկրյա ներդրողների, դիստրիբյուտորների միջեւ համագործակցություն սկսելու համար:Սեպտեմբերի 20-ին Made in Armenia-ի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է նաեւ «Հայաստանը, որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» տնտեսական համաժողովը, որտեղ կքննարկվեն ներդրումային ծրագրեր տրանսպորտի, դեղագործության, գյուղատնտեսության ոլորտներից։ Համաժողովին կմասնակցեն պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Հայաստանից, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից եւ Իրանից։Համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության առկա ներուժը, գործարարությամբ զբաղվելու առավելությունները եւ խթանել ներդրումները։ Tweet Դիտում՝ 5724