Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում նշել են, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում ս.թ. սեպտեմբերի 1-ին հրապարակված պատժամիջոցների ցանկում բանկի ընդգրկումը չի ազդի նրա գործունեության վրա: «Բանկն աշխատում է սովորական ռեժիմով: Թե´իրավաբանական եւ թե՛ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների բոլոր հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների եւ վարկատուների առջեւ բանկի ունեցած պարտավորությունները կատարվում են ժամանակին եւ լրիվ ծավալով»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Առէկսիմբանկում նշել են, որ դրամային եւ արժութային հաշիվներով հաշվարկները, այդ թվում` VISA եւ MasterCard միջազգային վճարային համակարգերի քարտերով գործառնություններն իրականացվում են առանց ուշացման եւ լրիվ ծավալներով: Սովորականի պես իրականացվում է նաեւ հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկումը:Բանկը հիշեցրել է, որ 2014թ. կեսերին պատժամիջոցներ են սահմանվել ռուսական Գազպրոմբանկի հանդեպ (որին պատկանում է Առէկսիմբանկի բաժնետոմսերի 100%-ը), որոնք սահմանափակում են միայն ամերիկյան ներդրողների համար 2014թ. հուլիսի 16-ից հետո բանկի կողմից տեղաբաշխվող երկարաժամկետ (ավելի քան 90 օր) պարտքային գործիքների հասանելիությունը: Հինգշաբթի օրը ԱՄՆ ֆիննախի Օտարերկրյա ակտիվների վերահսկման բաժինը պատժամիջոցներ է սահմանել ռուսական Գազպրոմի, Գազպրոմբանկի մի շարք դուստր ընկերությունների եւ որոշ ֆիզիկական անձանց հանդեպ:«Գազպրոմբանկն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Գազպրոմբանկի խմբի մեջ մտնող բոլոր թվարկված ընկերությունները դե ֆակտո եղել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում այն պատճառով, որ նրանց կապիտալում Գազպրոմբանկի մասնաբաժինը գերազանցում է 50%-ը: Այսպիսով, ԱՄՆ Գանձապետարանի վերջին հաղորդագրությունը ոչինչ չի փոխում ո՛չ Գազպրոմբանկի, ո՛չ էլ վերոնշյալ ընկերությունների գործունեության մեջ, որոնք աշխատում են սովորական ռեժիմով»,- ասված է Առէկսիմբանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 14993