ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված մամուլում տարածված տեղեկատվության հետ, թե Լոռու եւ Շիրակի մարզերի կարտոֆիլագործ ֆերմերները գների նվազման պատճառով հայտարարել են կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին:«Շուկայում հիմնականում ապրանքի գինը ձեւավորվում է առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությամբ։ Հաշվի առնելով, որ ընթացիկ տարին նպաստավոր է կարտոֆիլի արտադրության համար, մասնավորապես՝ ընդլայնվել են ցանքատարածությունները, եւ արդյունքում սպասվում է բարձր ու որակյալ բերք, բնական է, որ շուկայում կառաջանան իրացման եւ գների հետ կապված խնդիրներ։ Ինքնարժեքին մոտ գներով իրացումը բնորոշ է այս ժամանակահատվածի համար՝ կապված կարտոֆիլի սպառման ցածր մակարդակի հետ, որը սովորաբար դրսեւորվում է ամառվա երկրորդ կեսին՝ պայմանավորված բանջարեղենի տարբեր տեսակների սպառման ավելացմամբ։ Գների մակարդակի վրա իր ազդեցությունն է ունեցել նաեւ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 10%-ով կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացումը։ Ակնկալվում է, որ ներքին շուկայում գները կկարգավորվեն աշնանը՝ կարտոֆիլի սպառման պահանջարկի ավելացմանը զուգընթաց։ Շուկայում ընդհանրապես ապրանքներն իրացվում են տարբեր գներով՝ ելնելով սեզոնայնությունից, պահանջարկից, ինչն օրինաչափ երեւույթ է»,- նշել են նախարարությունում։ «Կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման» լուրերի հետ կապված՝ գյուղնախարարությունը նշել է, որ դա հիմնավորված որոշում չէ, քանի որ միեւնույնն է՝ շուկայի պահանջարկը կբավարարվի հանրապետության մյուս մարզերի կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերների արտադրանքի հաշվին, եւ վերը նշված որոշման կիրառումը բացասաբար կանդրադառնա Շիրակի եւ Լոռու մարզերի ֆերմերների այս ժամանակահատվածի ֆինանսական հոսքերի ձեւավորման եւ հետագա գործունեության իրականացման հնարավորությունների վրա։ «Նշվածի հետ մեկտեղ՝ հիշատակված որոշման կիրառման պայմաններում, շուկայում կարտոֆիլի առաջարկի կրճատման պատճառով կավելանան ներկրման ծավալները, որը ցանկալի երեւույթ չէ»,- ասված է պարզաբանման մեջ: Նախարարությունում ընդգծել են, որ կարտոֆիլի առումով Հայաստանն ինքնաբավ է։ Օպերատիվ տվյալներով` սեպտեմբերի 1-ի դրությամբ արտահանվել է շուրջ 1500 տոննա կարտոֆիլ։ Սեպտեմբերի 5-ի դրությամբ արտադրվել է շուրջ 210 000 տոննա կարտոֆիլ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 40000 տոննայով։ Tweet Դիտում՝ 5036