Արցախում բացվել է հայկական դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես

05.09.2016 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի արտագնա ցուցահանդեսների շրջանակում սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» հերթական ցուցահանդեսը:

Ինչպես նշել են ԿԲ-ում` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են հայկական հին մետաղադրամներ (Տիգրան Մեծի, Արտաշես 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, Ռուսակայն կայսրության եւ ԽՍՀՄ ժամանակաշրջանների մանրադրամներ) եւ թղթադրամներ, ՀՀ ժամանակակից բոլոր թողարկումները, ֆինանսական եւ բանկային համակարգի զարգացման պատմությունը, ինչպես նաեւ ԿԲ-ի գործունեության վերաբերյալ նյութեր:
 
«Ցուցահանդեսն առանձնահատուկ է նրանով, որ այն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ նաեւ Արցախի պատմագրական մեծ արժեք ներկայացնող Ղարաբաղի տարածքում հատված մետաղադրամներին, ԼՂՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներին եւ մետաղադրամներին, ինչպես նաեւ ԼՂՀ-ին նվիրված ՀՀ հուշադրամներին»,- նշել են ԿԲ-ում:

Միջոցառման ընթացքում ԿԲ աշխատակիցները կանցկացնեն ֆինանսական կրթման բնույթի դասընթացներ, որոնց շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն կրթական նյութեր, բուկլետներ ֆինանսական համակարգի կողմից մատուցվող զանազան ծառայությունների վերաբերյալ:

Բացի այդ, ցուցահանդեսի այցելուները տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով կսովորեն ավելի լավ կառավարել ֆինանսական միջոցները, խուսափել ֆինանսական դժվարություններից եւ պաշտպանել սեփական շահերը:

Ցուցահանդեսը նախատեսված է լայն հասարակայնության համար, այդ թվում` միջին եւ ավագ դասարանի աշակերտներ, բուհերի ուսանողներ, քաղաքացիներ, դրամագետներ: ԼՂՀ իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

«Երեւանի դպրոցականներն այցելում են ԿԲ եւ ծանոթանում բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություն ընձեռել նաեւ ԼՂՀ աշակերտների եւ բնակիչների համար»,- նշել են ԿԲ-ում:

Ցուցահանդեսը գործելու է մինչ սեպտեմբերի 13-ը:     

Դիտում՝ 3383
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW