ՀՀ ապահովագրական ընկերությունները 2016-2018թթ. կանխատեսում են ընկերությունների թվաքանակի կրճատում` հնարավոր միավորումների կամ պորտֆելի փոխանցումների արդյունքում:Այս մասին ասված է ՀՀ Կենտրոնական բանկի այսօր հրապարակած «ՀՀ ապահովագրական համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018 թթ.» զեկույցում, որտեղ ներկայացված են ապահովագրական ընկերությունների մշակած ռազմավարություններն ու հիմնական ցուցանիշների կանխատեսումները:Զեկույցի համաձայն, դիտարկվող ժամանակահատվածում սպասվում է պարտադիր ապահովագրության նոր դասերի ներդրում` առավել կարեւորելով բժշկական ապահովագրության տեսակը:Միաժամանակ, շուկայում առաջիկա երեք տարիներին ակնկալվում է ակտուարական ինստիտուտի շարունակական կայացում, որն առանցքային նշանակություն ունի ՀՀ ապահովագրական շուկայի համար` ռիսկերի վերլուծության տեսանկյունից:«Ընկերությունները կշարունակեն պայքարը շուկայում, ինչը, առաջացնելով մրցակցության սրացում, կհանգեցնի կիրառվող սակագների որոշակի անկման»,- նշվում է զեկույցում:Կանխատեսվում է, որ ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշը` հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը, 2016-2018թթ. ընթացքում կավելանա 19,9%-ով:Միաժամանակ, ապահովագրավճարներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2018թ. վերջին կկազմի 0,59%, իսկ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ապահովագրավճարների մեծությունը 2017թ. վերջին կկազմի 12 247 դրամ:Ապահովագրական ընկերությունները սպասում են հատուցումների 7,8% միջին տարեկան աճ: 2016-2018թթ. ապահովագրական շուկայում ակնկալվում է շահույթի եւ շահութաբերության բարելավում. ընթացքիկ ժամանակաշրջանի շահույթի մեծությունը 3 տարիների ընթացքում կկրկնապատկվի: Ապահովագրական ընկերությունների կանխատեսումներով` զուտ շահույթ/ակտիվների միջին մեծություն (ROA) եւ զուտ շահույթ/կապիտալի միջին մեծություն (ROE) ցուցանիշները 2018թ. համապատասխանաբար կկազմեն 6% եւ 13%` 2015թ. 3,3%-ի եւ 8,6%-ի փոխարեն: Tweet Դիտում՝ 7227