Երեք տարվա ընթացքում ավելի քան 15 հազ. ծովային մղոն (մոտ 28 հազ. կմ) անցած եւ 25 երկրի 63 նավահանգստում հանգրվանած «Կիլիկիա» առագաստանավը խարիսխը Հայաստանում գցելուց հետո հայտնվել է պահպանման լուրջ խնդրի առաջ: Մեդիամաքսին տված հարցազրույցում «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանն ասել է, որ, ինչպես բոլոր փայտաշեն նավերը, այնպես էլ «Կիլիկիա»-ն բավական ծախսատար խնամք է պահանջում: Այժմ Արտանիշ գյուղի մոտակայքում գտնվող նավը լուրջ վերանորոգման կարիք ունի, որի համար գումարներ հայթայթել չի հաջողվում:«2014թ. վերջին նավը ջրից հանել էինք, որպեսզի հերթական նորոգումն անեինք: 2015-ին որոշակի փոքր գումար հայթայթեցինք, մի մասը սկսեցինք նորոգել: Այս տարի սոցիալական վիճակն ավելի է վատացել Հայաստանում. այն բարեգործները, ովքեր նախկինում օգնում էին մեզ, հնարավորություն չունեն, եւ նորոգումները չշարունակեցինք: Նավի վրա սունկ էր հայտնվել, որը մի հատված փչացրել է: Նախորդ տարի տախտակամածի եւ կողերի վարակված հատվածները փոխեցինք, բայց կերտվածքի մի մասը դեր չենք փոխել: Հիմա այդ վիճակում մնացել է, մենք կանգնած ենք մի քանի տարի անց նավը կորցնելու վտանգի առաջ»,- ասել է նավապետը: Ամեն տարի նավի վերանորոգման համար պահանջվող գումարը կախված է այն բանից, թե ինչ աշխատանքներ են կատարվել նախորդ տարում: Այս պահին վերանոգման համար 3 մլն դրամ է հարկավոր: «Նույնիսկ եթե մաս-մաս կարողանայինք հավաքել, մեզ կբավարեր: Մենք հիմա պարտավոր ենք այդ նավը փրկել: Փորձել ենք աջակցություն ստանալ պետական կառույցներից։ Շրջագայությունից հետո մեր անձնակազմը ՀՀ նախագահի մրցանակ ստացավ, որի գումարն ամբողջությամբ օգտագործեցինք նավի վերանորոգման համար։ Մենք բավական կարեւոր գործ ենք արել Հայաստանի ճանաչման տեսանկյունից, եւ հիմա այս վերաբերմունքը ճիշտ չէ»,- նշել է Կարեն Բալայանը: Նավի վերջնական հանգրվանը, Կարեն Բալայանի խոսքով, պետք է թանգարանում լինի, որի կառուցումը եւս դեռ չի հաջողվում կյանքի կոչել:Կարեն Բալայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 5066