ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն այսօրվա նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%:ԿԲ-ում նշել են, որ 2016թ. հուլիսին արձանագրվել է 2.3% գնանկում՝ պայմանավորված հիմնականում գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների նվազմամբ եւ գազի սակագնի իջեցմամբ, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -1.3%: Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը եւ միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից զգալի գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Ըստ ԿԲ գնահատման, ՀՀ տնտեսության վրա Եվրամիությունում ընթացող գործընթացները էական ազդեցություն չեն ունեցել:Խորհուրդն արձանագրում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 2016 թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ-ում դիտվել է սպասվածի համեմատ բարձր տնտեսական ակտիվություն՝ մեծամասամբ պայմանավորված առկա արտաքին պահանջարկի պարագայում արտահանելի հատվածի դրական զարգացումներով: «Միեւնույն ժամանակ, ԿԲ կողմից իրականացրած հետեւողական դրամավարկային քաղաքականության արդյունքում շարունակաբար մեղմվել են գնաճային սպասումները, ինչի պարագայում հնարավորինս նվազել են երկարաժամկետ շուկայական տոկոսադրույքները: Վերջինս իրական հիմքեր է ստեղծել 2016 թ-ի արդյունքներով մասնավոր սպառման եւ ներքին պահանջարկի աստիճանական վերականգնման համար»,- նշել են ԿԲ-ում: ԿԲ խորհուրդը ակնկալում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ տարեվերջին գնանկումը զգալիորեն կդանդաղի: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները, ինչի պարագայում գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, եւ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը փոքր-ինչ գերակշռում են, որոնց դրսեւորման դեպքում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.75 % եւ 5.75 %: Tweet Դիտում՝ 4025