Այսօր կայացել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի եւ ԲՏԱ Բանկ-ի բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովը, որի ընթացքում հաստատվել են ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի փոփոխված կանոնադրությունը եւ փոխանցման ակտը, որոնք կներկայացվեն ՀՀ Կենտրոնական բանկի գրանցմանը: ԿԲ-ն միացող բանկերի փոխանցման ակտը հաստատելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուժը կորցրած կճանաչի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ լիցենզիան:ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի (պահպանվող բանկ) եւ ԲՏԱ Բանկ-ի (միացող բանկ) միացման արդյունքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ընդհանուր ակտիվները կկազմեն մոտ 134 մլրդ. ՀՀ դրամ, նորմատիվային ընդհանուր կապիտալը` մոտ 27 մլրդ. դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները` մոտ 110 մլրդ դրամ: «Բանկերի միացումը թույլ կտա էլ ավելի ամրապնդել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի դիրքը ՀՀ բանկային համակարգում` ընձեռելով մրցակցային նոր առավելություններ: Միացման արդյունքում կընդլայնվի բանկի մասնաճյուղերի եւ բանկոմատների ցանցը` 46 մասնաճյուղ, ներառյալ գլխամասային գրասենյակ եւ 100 բանկոմատ, ինչպես նաեւ հաճախորդների բազան եւ մատուցվող ծառայությունների ցանկը»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 10483