ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը:Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության կազմում են եղել նաեւ նորանշանակ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին եւ ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի նորանշանակ տեղակալ Դեբորա Գրիսերը:«Վերջին շրջանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ԱՄՆ դեսպանատան միջեւ ծավալվել է արդյունավետ համագործակցություն, իսկ ԱՄՆ աջակցությամբ, այդ թվում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն էապես նպաստել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը»,- ասել է նախարարը:Սերգո Կարապետյանը մատնանշել է ոլորտի ներկայիս առաջնահերթությունները եւ ընդգծել գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցության, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ստեղծման, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման եւ համարակալման, ձկնաբուծարաններում ռեսուրսախնայող եւ արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, ոռոգման կաթիլային համակարգերի եւ հակակարկտային ցանցերի ներդրման անհրաժեշտությունը: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում:«Մենք շատ ենք կարեւորում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործընկերությունը: Գյուղատնտեսությունը Հայաստանում համարվում է ամենաշատ աշխատատեղեր ապահովող ոլորտ, եւ վստահ եմ, որ դուք մեզ հետ համակարծիք եք, որ Հայաստանի տնտեսության զարգացման ապահովման համար հարկավոր է կենտրոնանալ գյուղատնտեսության ոլորտում առկա մեծ ներուժի վրա: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք օգնել Հայաստանի գյուղացիական տնտեսություններին եւ սննդամթերք արտադրողներին ձեռք բերել այնպիսի կարողություններ, որոնք թույլ կտան ընդլայնել իրենց գործունեությունը եւ մուտք գործել նոր շուկաներ»,- նշել է դեսպանը: Tweet Դիտում՝ 3227