ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հարցազրույցը ՙԿոռնետ՚ ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանի հետ 2006 թ. վերջում ռուսաստանյան ԱՖԿ “Սիստեմա” հոլդինգի մեջ մտնող “Կոմստար-Միավորված Հեռահամակարգեր” ընկերությունը տեղեկացրեց միջազգային “Քոլլնետ” օպերատորի բաժնետոմսերի 75%+մեկի ձեռք բերման մասին: “Քոլլնետին” Հայաստանում պատկանում էր “Կոռնետ” ինտերնետ պրովայդերը: “Կոմստար- Միավորված Հեռահամակարգերը” նաեւ համաձայնագիր կնքեցին ընկերության մնացած բաժնետոմսերի ձեռք բերման մասին: Գործարքի վերաբերյալ հաղորդագրություններում նշվում էր, որ “Կոռնետը” մատուցում է ինտերնետ ծառայություններ` dial-up, ISDN, DSL եւ Wireless տեխնոլոգիաներով, տրամադրում է մուտք միջբանկային SWIFT համակարգ, ինչպես նաեւ վեբ-հոսթինգի ծառայություններ: Գործարքի մանրամասների եւ ընկերության զարգացման հեռանկարների մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին պատմեց ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանը: - Ի տարբերության մյուս հայկական պրովայդերների, "Կոռնետ" եւ "Քոլլնետ" անուններն այնքան էլ ծանոթ չեն սպառողներին: Ո՞րն է ձեր "ուժեղ կողմը" եւ ինչո՞ւ "Կոմստար"-ին հետաքրքրեց հենց ձեր ընկերությունը: - "Քոլլնետը" միջազգային կապի անգլիական օպերատոր է, որը հանդիսանում էր "Կոռնետ" ընկերության բաժնետոմսերի 100% սեփականատերը: Ինչ վերաբերում է "Կոմստար"-ին, ապա, լինելով արագ զարգացող ընկերություն, այն չի սահմանափակվում միայն Ռուսաստանի շուկայով, եւ մեր հանրապետությունը "Կոմստար"-ի համար հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում: Իմ կարծիքով, "Կոռնետը" նախ եւ առաջ հետաքրքիր է նրանով, որ առաջարկում է դիվերսիֆիկացված ծառայություններ: Բացի այդ, "Կոռնետը" փորձում է լինել "գրավիչ" ընկերություն այն հատուկ ծառայությունների տեսանկյունից, որոնք մենք կարող ենք առաջարկել շուկայում: Երեւի "Կոմստար"-ի ընտրության համար կարեւոր դեր է խաղացել նաեւ այն, որ 2004-05թթ. "Կոռնետը" շատ ինտենսիվ է զարգացել: Մասնավորապես, 2005թ. ընկերության հասույթը 2004թ. համեմատ աճել էր 100%-ով, իսկ 2005թ. ընկերության եկամուտը կազմել էր մոտ 40 մլն դրամ: - Ինչպիսին՞ են Հայաստանում ՙԿոմստար՚-ի ներդրումների պայմանները, ծավալներն ու իրականացման ժամկետները: - ՙՔոլլնետ՚-ի ձեռքբերման գործարքն ավարտվել է 2006թ. վերջին: Ակնհայտ է, որ ՙԿոռնետ՚-ի 2007թ. զարգացման ծրագիրն ենթարկվելու է արմատական վերանայման մայր ընկերության մասնակցությամբ, սակայն, որպես կանոն, նման հեռանկարային պլանավորումն որոշ ժամանակ է պահանջում, որը մենք չունեինք, քանի որ հարաբերությունները պաշտոնական բնույթ ստացան միայն 2006թ. վերջին: Այժմ ՙԿոռնետը՚ մշակում է 2007թ. զարգացման ծրագիրը, եւ մենք հույս ունենք, որ ընթացիկ տարվա կեսին կկատարվեն որոշակի քայլեր այդ ծրագրի իրագործման ուղղությամբ: ՙԿոմստարը՚ ծրագրեր ունի` կապված հայաստանյան շուկայում ենթակառույցների եւ իր դիրքերի զարգացման հետ, բայց ավելի կոնկրետ դրանց մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ: - 2006 թ. աշնանը նշվում էր, որ ՙԿոմստարը՚ մտադիր է ձեռք բերել ՙԿոռնետ՚-ի բաժնետոմսերի մնացած 25%: Ե՞րբ դա տեղի կունենա եւ ի՞նչ պայամներով: - Եվս մեկ անգամ ճշտեմ, որ գործարքն իրականացվել է ՙՔոլլնետ՚-ի եւ ՙԿոմստար՚-ի միջեւ: ՙՔոլլնետ՚-ի ձեռքբերման պայմանները հետեւյալն էին. վերահսկիչ փաթեթն (75%+1 բաժնետոմս) անցնում է ՙԿոմստար՚-ին, իսկ 25%-1 բաժնետոմսը մնում է օպցիոնի տեսքով եւ մարվում է երկու տարի անց: Այսինքն, 2008թ. արդյունքներով կորոշվեն բաժնետոմսերի մնացած 25%-ի վաճառքի հետ կապված հարցերը: - ՙԱրմենՏել՚-ի նոր սեփականատեր ՙՎիմպելկոմը՚ հայտարարել է բոլոր տեսակի մենաշնորհներից աստիճանաբար հրաժարվելու պատրաստակամության մասին: Դա լուրջ փոփոխություններ կմտցնի՞ Ձեր ընկերության ծրագրերում, թե՞ տենդերի հաղթողի` մենաշնորհից հրաժարվելու մտադրությունը կանխագուշակելի էր եւ հենց դրանով էր պայմանավորված ՙԿոմստար՚-ի` Հայաստանում աշխատելու որոշումը: - ՙԱրմենՏել՚-ի վաճառքի մրցույթին մասնակցում էին մի քանի ընկերություններ, այդ թվում` MTC-ը, եւ այսպես թե այնպես խոսակցություններ կային ՙԱրմենՏել՚-ի կարգավիճակի օրինականության մասին: ՙՎիմպելկոմ՚-ն, ըստ երեւույթին, կանխազգում էր դեպքերի նման զարգացումը: Այդ ծավալի ընկերությունները պետք է բավականին սթափ մոտենան հեռահաղորդակցային շուկայի ազատականացմանը: Ինչ վերաբերում է ազատականացմանը, ապա այն ձեւով, ինչպես դա տեղի է ունենում Հայաստանում, անգամ եթե շուկան ազատականացվի ՙդե-յուրե՚, ապա ՙդե-ֆակտո՚ ՙԱրմենՏել՚-ի դիրքը, ծավալն ու կարգավիճակը շուկային տալիս են որոշակի յուրահատկություն: Բավականին երկար ժամանակ կանցնի, մինչեւ Հայաստանի շուկայում հնարավոր կլինի վստահաբար խոսել հեռահաղորդակցային շուկայի բոլոր սեգմենտների ազատականացման մասին, իսկ դա իր հերթին նշանակում է, որ շուկայում կհայտնվի դերակատար, որն իր հնարավորություններով եւ ծառայություններով կկարողանա իսկապես մրցակցել ՙԱրմենՏել՚-ի հետ, քանի որ այդ ընկերությունը կառուցվում է արդեն 10 տարի` ելնելով իրեն պատկանող մենաշնորհային կարգավիճակից: Եվ այդ գործընթացում, իմ կարծիքով, կարեւոր դեր է ունենալու կառավարությունը` որքանով հավասարակշռված այն կկարգավորի ՙԱրմենՏել՚-ի եւ այլ ընկերությունների միջեւ հարաբերություները` իսկապես նպաստելով հեռահաղորդակցման շուկայի ազատականացմանը: - Կարելի՞ է արդյոք ասել, որ շուկայի որոշ հատվածներում ՙԿոռնետը՚ կփորձի լրջորեն մրցակցել ՙԱրմենՏել՚-ի հետ: - Շուկայի այն հատվածը, որտեղ մենք նախատեսել ենք հզոր լինել, այսօրվա դրությամբ չի խաչվում ՙԱրմենՏել՚-ի գործունեության հետ: ՙԱրմենՏելը՚ նախ եւ առաջ հեռախոսային ընկերություն է` բջջային եւ տվյալների փոխանցման ցանց: Եթե ՙԱրմենՏել՚-ի դիրքը շուկայում արմատապաես չփոխվի, ապա մենք մրցակիցներ չենք լինի, համենայն դեպս, լայնաշերտ մուտքի եւ ինտերնետ ծառայություններ մատուցելու հատվածում: Մյուս կողմից, ՙԿոմստարը՚ ծառայությունների դիվերսիֆիկացված ցանց ունեցող հսկայական ընկերություն է: Այն չի սահմանփակվում ինտերնետի լայնաշերտ մուտքի ծառայություններով, եւ եթե այն ծառայությունները, որոնք ընկերությունը մատուցում է Ռուսաստանում, մատչելի դառնան նաեւ Հայաստանում, մենք կարող ենք խաչվել ՙԱրմենՏել՚-ի հետ, եւ այդ դեպքում հնարավոր կլինի խոսել այնպիսի մրցակցության մասին, ինչպիսին պետք է գոյություն ունենա ազատականացված շուկայում: - Ե՞րբ հնարավոր կլինի խոսել Հայաստանի ինտերնետ ծառայությունների շուկայի ամբողջական ազատականացման մասին: - Ըստ Էության, Հայաստանի ինտերնետ շուկան երբեք մենաշնորհային չի եղել: ՙԱրմենՏել՚-ի դիրքը ազդում էր Հայաստանի ինտերնետ շուկայի վրա այնքանով, որքանով միջազգային ելքն ու վերգետնյա կապուղիները պատկանում էին այդ ընկերությանը: Մյուս կողմից, այդ կախվածությունը դեռ բավականին երկար է պահպանվելու հայաստանյան շուկայում, քանի որ այսօր բոլոր լարային տեխնոլոգիաները այսպես թե այնպես կապված են ՙԱրմենՏել՚-ից: Միակ բանն, որ կարող է որոշակի ազատություն տալ end to end ծառայության առաջխաղացմանը, տարբեր ոչ լարային լուծումներն են (ռադիո-ցանց): - Ձեր ընկերությունն ունի՞ նման ծրագիր: Չէ՞ որ դուք միակն եք, որ WiMAX-ի արտոնագիր ունեք Հայաստանում: - Հայաստանում փաստորեն գոյություն չունի WiMAX-ի արտոնագիր հասկացություն: Ցանկացած ընկերություն, որն ունի տվայլների փոխանցման ծառայություններ մատուցելու արտոնագիր եւ ռադիոհաճախությունների շերտերի օգտագործման թույլտվություն, կարող է կառուցել եւ շահագործել ռադիոցանցեր, այդ թվում` WiMAX տեխնոլոգիայի ցանցեր: Մենք սկսել ենք WiMAX ցանցի շահագործումը փորձնական ռեժիմով: Սա նոր տեխնոլոգիա է, դրա չափորոշիչները շատ չեն, այդ իսկ պատճառով մենք իրագործում ենք փորձնական նախագիծ` Alvarion ընկերության հետ համատեղ: Այն թույլ կտա գնահատել տեխնոլոգիայի հնարավորություններն ու հեռանկարները, ստուգել շուկայի` նորույթին պատրաստ լինելը: 2007թ. երրորդ եռամսյակից սկսած մենք նախատեսում ենք WiMAX ծառայության ցանցի լայնածավալ զարգացում: Մեծացնելով հզորությունը Երեւանում` մենք մտադիր ենք առաջ շարժվել ամբողջ հանրապետությունով` այդ ծառայությունը մատուցելով Հայաստանի այն շրջաններում, որտեղ առկա կլինի տվյալ ծառայության պահանջարկ: Մենք նախատեսում ենք WiMAX ցանցի միջոցով տրամադրել տվյալների փոխանցման ծառայություն, ինտերնետ ցանցի մուտք եւ գերատեսչական ու կորպորատիվ ցանցերի ստեղծում Հայաստանի առավելագույնս զարգացած եւ խիտ բնակեցված քաղաքներում եւ շրջկենտրոններում` օգտվելով ցանցի արագ ծավալման եւ ներթափանցման առավելությունից: - Աշնանը ռուսաստանյան ԶԼՄ-ները գրում էին, որ ձեր ընկերությունը միակ օպերատորն է Հայաստանում, որ մատուցում է գլոբալ միջբանկային SWIFT ցանցին միանալու ծառայություն` փակ, պաշտպանված IP SWIFT (SIPN) ցանցի միջոցով: Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել այդ ոլորտում ձեր գործունեության եւ զարգացման ծրագրերի մասին: - Հայաստանի բանկերի ավելի քան 70%-ը ՙԿոռնետի՚ հաճախորդներն են, սակայն մենք SWIFT-ով անմիջականորեն չենք զբաղվում: Մենք ունենք հնարավորություն մատուցել տվյալ ծառայությունը, սակայն դա առանձնահատուկ ոլորտ է, եւ շուկայում կան կազմակերպություններ, որ մասնագիտացած են դրանով: Իմ կարծիքով, այսօր ավելի արդիական են բանկերի մասնաճյուղերի միջեւ փոխգործակցության հարցերը, եւ ՙԿոռնետը՚ տվյալ պարագայում նախընտրում է կենտրոնանալ interbanking-ի վրա` միջմասնաճյուղային, միջբանկային փոխգործակցության հեռահաղորդակցային լուծումների կազմակերպման: - Ինչպիսի՞ դժվարություններ ունի այսօր ձեր ընկերությունը: - Հիմնական դժվարությունը պետական վերահսկողության եւ կարգավորման ոլորտն է: Մենք գտնվում ենք անցումային շրջանում, եւ ցանկացած զարգացում կապված է դժվարությունների հետ, որոնք մենք հաղթահարում ենք ինքնուրույն: Ցանկալի կլիներ, որ կարգավորող մարմիններն ավելի ուշադիր լինեին այն ցանկությունների եւ առաջարկների հանդեպ, որոնք այսօր գոյություն ունեն ՏՏ ոլորտում: Tweet Դիտում՝ 8733