Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2016թ. առաջին կիսամյանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 21,7 մլրդ դրամով կամ 6,7%-ով՝ կազմելով 346,7 մլրդ դրամ:ՀՀ ամենախոշոր հարկատուների ցուցակը 24,6 մլրդ դրամ հարկերի ծավալով շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա»-ն: Ընկերությունն անցյալ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ գրանցել է ցուցանիշի 0,2% անկում: Խոշորագույն հարկատուների ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ 11,8 մլրդ դրամ հարկերի ծավալով, ինչը գերազանցում է նրա անցյալ տարվա ցուցանիշը շուրջ 60%-ով (անցած տարի 6-րդ տեղում էր):Հատկանշական է, որ, պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում ծխախոտի արտադրությունը Հայաստանում աճել է 32,6%-ով:Հիշեցնենք, որ 2015թ. 1-ին կիսամյակում ՀՀ երկրորդ հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն էր: Վերջինս զիջել է իր դիրքը՝ հասնելով 17-րդ տեղը:9,2 մլրդ դրամ հարկերի ընդհանուր ծավալով երրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է: Ընկերության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4,4%-ով, այնուամենայնիվ, հարկատուների ցուցակում այն տեղաշարժ չի արձանագրել:Վճարած հարկերի թռիչքաձեւ աճ է գրանցել «Թեղուտ»-ը՝ 18-րդից դառնալով 4-րդ հարկատուն: Վերջինիս վճարած հարկերն ավելացել են 3 անգամ՝ մինչեւ 7,8 մլրդ դրամ: Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որն այս կիսամյակ վճարել է 7,3 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերն անցած տարվա համեմատ նվազել են 15,3%-ով, ինչի հետեւանքով ընկերությունը զիջել է դիրքը մեկ հորիզոնականով:Հարկատուների վեցերորդ տեղում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն է՝ 6,2 մլրդ դրամ հարկերով (աճ՝ շուրջ 3 անգամ): Անցյալ տարվա առաջին կիսամյակում ընկերությունը 25-րդն էր:1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն՝ 5,9 մլրդ դրամ (անկում՝ 23,6%), «Ֆլեշ»-ը՝ 5,8 մլրդ դրամ (անկում՝ 1,9%), «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 5,6 մլրդ դրամ (աճ՝ 37,6%) եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը՝ 5,5 մլրդ դրամ (անցած տարի ներառված չէր ցուցակում): ՀՀ առաջին 1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:Սիրանուշ Սիմոնյան Tweet Դիտում՝ 5349