«Կոմերսանտ». ՌԴ-ից ՀՀ փոխանցումները կկատարվեն միասնական համակարգով

20.07.2016 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2017-ից ռուսաստանյան դրամական փոխանցումների համակարգերը դեպի Հայաստան գործարքները կիրականացնեն «մեկ պատուհան»-ի սկզբունքով, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:

Ակնկալվում է, որ փոխանցումները կիրականացնեն ոչ թե տեղի բանկերի հետ ուղղակի համագործակցությամբ, այլ ՀՀ պետական վերահսկողության ներքո գործող կառույցի միջոցով:

«Նախաձեռնողը ՀՀ Կենտրոնական բանկն է, որի կարծիքով՝ այս համակարգի ներդրումը դրամական փոխանցումները կդարձնի ավելի թափանցիկ եւ թույլ կտա բարձրացնել անօրինական փոխանցումների նկատմամբ վերահսկողության մակարդակը: Մինչդեռ ռուսաստանյան «խաղացողները» մտավախություն ունեն, որ չափից դուրս վերահսկողությունը կարող է խոչընդոտել նրանց մուտքը շուկա»,- գրում է «Կոմերսանտ»-ը:

Ռուսաստանում գործող դրամական փոխանցումների համակարգերը տեղեկացրել են պարբերականին ՀՀ ԿԲ-ից նամակ ստանալու մասին, որտեղ ասված է, որ վերջինս «նախաձեռնել է «ԱՌՈՒՍ» (АРУС) դրամական փոխանցումների միասնական համակարգի մշակումն ու ներդրումը՝ առանց հաշվի բացման»: Որպես համակարգի ներդրման նախնական ժամկետ սահմանվել է 2017թ. օգոստոս-սեպտեմբերը:

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ իր այս որոշումը ՀՀ ԿԲ-ն հիմնավորել է հետեւյալ կերպ. «Համակարգը մասնակիցների համար կապահովի միասնական ընթացակարգեր, ընդհանուր գնային քաղաքականություն, ռիսկերի կառավարման համանման մակարդակ, տեղեկատվական անվտանգություն, միասնական սխեմայով հաշվարկային մեխանիզմ եւ մեկ պատուհան»:

«Այս քայլը տեսականորեն կսահմանափակի շուկայի մրցակցությունը, քանի որ բոլոր սակագներն ու վճարման ժամկետները կվերահսկվեն մեկ համակարգի միջոցով: Նման վերահսկողություն չի գործում անգամ այնպիսի «խիստ» երկրներում, ինչպիսիք են Ուզբեկստանն ու Տաջիկստանը»,- ՀՀ ԿԲ որոշումը մեկնաբանել է Anelik համակարգի խորհրդի անդամ Սերգեյ Սալպանովը:

Banks.am-ն այս առնչությամբ հարցում է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ:

Դիտում՝ 13635
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW