Սոցիալական փաթեթում առկա հանգստի բաղադրիչում կատարված ուսումնասիրության արդյունքում Վերահսկիչ պալատը հայտնաբերել է շուրջ 300 միլիոն դրամի չարաշահում:Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ներկայացնելով համապատասխան ուսումնասիրության արդյունքները: «Ուսումնասիրել ենք ՀՀ խոշոր հանգստյան գոտիներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի, Արզնիի եւ Հանքավանի հյուրանոցներն ու հանգստյան տները եւ հայտնաբերել շուրջ 300 միլիոն դրամի տարբեր տիպի խախտումներ»,- ասել է Իշխան Զաքարյանը:Նրա փոխանցմամբ՝ միայն Ծաղկաձորում ՎՊ-ն ուսումնասիրել է 21 հանգստյան տուն եւ հյուրանոց՝ հայտնաբերելով 128 մլն 681 հազ. դրամի խախտում, Ջերմուկ քաղաքում՝ 13 հանգստյան տուն ու հյուրանոց՝ 62 մլն 432 հազ. դրամի խախտում, իսկ Դիլիջանում՝ 7 հանգստյան տուն ու հյուրանոց՝ 44 մլն դրամի խախտում:Իշխան Զաքարյանն ընդգծել է, որ հանգստի կազմակերպման գործում ներգրավված է եղել 69 զբոսաշրջային օպերատոր, որոնցից ուսումնասիրվել է 7-ը, ինչից պարզ է դարձել, որ որոշ ընկերություններ լիարժեք չեն կատարել իրենց պարտավորությունները: Եղել են դեպքեր նաեւ, երբ սոցիալական փաթեթով հանգիստը կազմակերպել են այնպիսի ընկերություններ, որոնք դրա լիազորությունները չեն ունեցել:ՎՊ նախագահը գործադիրին առաջարկել է ուսումնասիրության արդյունքում լրամշակել սոցիալական փաթեթի՝ հանգստին վերաբերող դրույթը: Ամփոփելով թեման` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ նախորդ նիստում, 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագրերի նախագիծը քննարկելիս հայտարարվել էր, որ նախարարությունների առաջարկով կասեցվում է այդ գործընթացը, ինչը «դարձել էր բազմաթիվ հարթակներում անհիմն քննարկման առարկա»: «Այդ կասեցումը բխում էր հենց այս ստուգման արդյունքից: Փաստորեն, ՎՊ նախնական արդյունքների մասով դրանք իրոք կան, ուստի ճիշտ էր կասեցնելու որոշումը: Սոցիալական փաթեթը 2016թ. համար գործում է, ընթացիկ տարվա պետբյուջեով նախատեսված ծախսերն իրականացվում են, որեւէ խոչընդոտ չկա: Երեք նախարարությունների հանձնարարական է տրվել, որպեսզի ներկայացնեն նոր գործիքակազմ ավելի հստակ վերահսկելու այդ գործընթացը, իսկ 2017թ. պետբյուջեի նախագծում սոցիալական փաթեթի այդ բաղադրիչը մենք ընդգրկելու ենք»,- ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 3789