ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն ու ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը քննարկել են կառույցների գործակցության հեռանկարները:ՏՄՊՊՀ նախագահի՝ Արցախ կատարած այցի ընթացքում կայացել է երկու մրցակցային մարմինների համատեղ նիստ, որին մասնակցել են նաեւ մեկ տասնյակից ավելի տեղի արտադրական ձեռնարկությունների ղեկավարներ:Արցախցի գործարարները ներկայացրել են արտահանման հետ կապված իրենց խնդիրները, մտահոգություն հայտնել արտահանման ժամանակ վճարումների հետաձգման, ռուսական ռուբլու արժեզրկման, որակի հավաստագրի ստացման բարդ գործընթացի եւ այլ գործոնների հետեւանքով առաջացած մրցակցային խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել շուկաների ընդլայման հնարավորությունները:Արտակ Շաբոյանի խոսքով՝ հանձնաժողովը հետեւողական է լինելու տնտեսվարողներին հուզող եւ արտահանման ծավալների աճին խոչընդոտող խնդիրների հնարավորինս արագ լուծմանը: Նրա խոսքով՝ շատ հարցեր գտնվում են մրցակցային մարմնի կարգավորման դաշտից դուրս, սակայն իրենք այլ պետական մարմինների հետ համագործակցության շնորհիվ կփորձեն գտնել օպտիմալ լուծումներ, որոնք կնպաստեն արտադրողների բիզնես գործունեությունն առավել ընդլայնելուն: Նիստի ավարտին կողմերը ստորագրել են մինչեւ 2017թ. հուլիսի 1-ի համար աշխատանքային համատեղ ծրագիր: ՏՄՊՊՀ նախագահին ընդունել են նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Վերջինս գոհունակությունն է հայտնել կառույցի ղեկավարին՝ ԼՂՀ արտադրողներին աջակցելու պատրաստակամության համար:Արտակ Շաբոյանն իր աշխատանքային այցն ավարտել է՝ այցելելով ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների: Tweet Դիտում՝ 3824