Յանդեքս.Տաքսի ծառայությունը սկսեց աշխատել Երեւանում։ Այն թույլ է տալիս արագ ազատ մեքենա գտնել՝ առանց դիսպետչերին զանգահարելու։ Ծառայությունը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Պատվեր կարելի է կատարել բջջային հավելվածի կամ taxi.yandex.com կայքի միջոցով։ Ծառայությանը միացված է ավելի քան 250 մեքենա Երեւանի 11 տաքսի ծառայություններից։ Շտապ պատվերները ծառայությունը փոխանցում է այն վարորդներին, ովքեր առավել մոտ են հաճախորդին, ինչի շնորհիվ մեքենան արագ է մոտենում պատվիրատուին։ Երեւանում տաքսիի տրամադրման ժամանակը կկազմի 5-10 րոպե։ Մեքենայի ժամանմանը կարելի է հետեւել անմիջապես քաղաքի քարտեզի վրա, իսկ վարորդի հեռախոսի համարն ու մեքենայի պետհամարանիշը ծառայությունն ուղարկում է SMS հաղորդագրության միջոցով։ Ծառայության համար դեռեւս կարելի է վճարել միայն կանխիկ դրամով։ Ուղեւորության առաջին երկու կիլոմետրը կարժենա 100 դրամ, այնուհետ՝ 100 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար։ Առաջիկայում հաճախորդները կկարողանան վճարել նաեւ բանկային քարտով։ «Մենք ցանկանում ենք ստեղծել ամենաարագ եւ մատչելի տաքսին Երեւանում»,- ասել է Յանդեքս. Տաքսիի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, - «Մեր տեխնոլոգիաները դա թույլ են տալիս։ Պատվերների օպտիմալ բաշխումն օգնում է նվազեցնել մեքենայի մատուցման ժամանակը եւ վարորդների պարապուրդը։ Իսկ դա, իր հերթին, իջեցնում է երթեւեկության ինքնարժեքը։ Մենք նաեւ ուշադիր ենք ծառայությունների որակի հանդեպ, հետեւաբար շատ բարձր պահանջներ ենք ներկայացնում վարորդների աշխատանքին ու մեքենաների վիճակին»։ Ծառայությունում առկա է մեքենաների վիճակի վերահսկման սեփական համակարգ։ Օրինակ՝ վարորդները պարբերաբար ուղարկում են մեքենաների լուսանկարները տարբեր դիրքերից, որպեսզի ցույց տան, որ այն սարքին վիճակում է եւ պատրաստ է գիծ դուրս գալ։ Վարորդների աշխատանքը գնահատում են հենց հաճախորդները։ Նրանց գնահատականների հիման վրա ձեւավորվում է վարորդների վարկանիշը, որն ազդում է պատվերների բաշխման վրա։ Պատվերներն առաջին հերթին ստանում են այն վարորդները, որոնցից գոհ են հաճախորդները։ Վարորդների աշխատանքի համակարգման համար կիրառվում է Յանդեքս Տաքսոմետր ծրագրային ապահովումը։ Դրա օգնությամբ վարորդները կարող են պատվերներ ընդունել, որոշել ուղեւորության արժեքը եւ հետեւել համակարգում սեփական վարկանիշին։ Ինչպես եւ ծառայությունը, ծրագրային ապահովումը հասանելի է հայերեն լեզվով։ Տաքսոմետրի մեջ ներմուծված է Նավիգատոր՝ Երեւանի մանրամասն քարտեզով եւ տեղեկություններով խցանումների մասին իրական ժամանակում։ Հայաստանում ծառայության մեկնարկի կապակցությամբ Յանդեքսը հատուկ թարմացրել է Երեւանի քարտեզը, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ գտնել ցանկացած հասցե եւ որոշել օպտիմալ երթուղին:Յանդեքս․Տաքսի ծառայությունը մեկնարկել է 2011թ-ին։ Բացի Երեւանից այն աշխատում է ռուսաստանյան 20 քաղաքներում եւ Մինսկում։ Նախատեսվում է ծառայությունը գործարկել Վրաստանում, Ղազախստանում եւ այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ, Յանդեքս.Տաքսիին միացված է ավելի քան 70 հազար ավտոմեքենա շուրջ 500 տաքսոպարկերից եւ դիսպետչերականներից։ Tweet Դիտում՝ 16021