Fitch. Հայաստանն իրեն ճկուն է դրսեւորել

30.06.2016 | 18:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալության գնահատմամբ՝ 2015թ. ապրանքների համաշխարհային գնանկումն ու Ռուսաստանի տնտեսության վատթարացումն արտաքին խոր ցնցումներ են առաջացրել ՀՀ տնտեսությունում:

Այս մասին նշված է գործակալության՝ նախօրեին հրապարակած զեկույցում, որը վերաբերում է Եվրոպայի զարգացող երկրներին:

Fitch-ի բնորոշմամբ՝ Հայաստանն այս իրավիճակում կարողացել է իրեն ճկուն դրսեւորել եւ արձանագրել ՀՆԱ-ի 3%-անոց աճ՝ շնորհիվ միջազգային ֆինանսների նկատմամբ հասանելիությամբ եւ արդյունավետ պետական քաղաքականությամբ՝ ԱՄՀ ծրագրերի աջակցությամբ:

Գործակալությունը նշում է, որ 2015թ. Հայաստանում էական անկում է գրանցվել ներմուծման ուղղությամբ, որի անվանական ցուցանիշը դոլարային արտահայտությամբ կրճատվել է շուրջ 27%-ով: Մինչդեռ արտահանման անկումը կազմել է ընդամենը 3,9%՝ շնորհիվ Թեղուտի հանքավայրի գործարկման եւ առատ գյուղատնտեսական բերքի:

Fitch-ը կարծում է, որ Հայաստանում 2016թ. նույնպես կլինի արտաքին մարտահրավերներով լի՝ Ռուսաստանի տնտեսության հետագա անկման ֆոնին:

Գործակալությունը Հայաստանում այս տարի կանխատեսում է 2%-անոց տնտեսական աճ, որը 2017թ. կարագանա մինչեւ 2,7%՝ կապված Ռուսաստանի տնտեսության կայունացմամբ եւ համաշխարհային գների վերականգնումով:

«ՀՀ ընթացիկ հաշվի պակասուրդը 2015թ. որոշակիորեն կրճատվել է՝ 2014թ. ՀՆԱ-ի 7,6%-ից դառնալով 4,9%: Այնուամենայնիվ, երկրի զուտ արտաքին պարտքը շարունակում է մնալ բարձր՝ ՀՆԱ-ի 46,3%, մինչդեռ նույն՝ «B» մակարդակի մյուս երկրների միջին ցուցանիշը 21,5% է:

Fitch-ը հայկական դրամի 2015թ. վարքագիծը բնորոշել է կայուն՝ 2014թ. 14%-անոց արժեզրկումից հետո:

«Տնտեսական թույլ աճն ու որոշ ընդլայնողական քայլերը բյուջեի պակասուրդը հասցրել են ՀՆԱ-ի 4,8%-ի՝ 2014թ. 2,1%-ի փոխարեն: Ընդ որում, այս ցուցանիշը 2016թ. առաջին չորս ամիսներին շարունակել է խորանալ, ինչը կդժվարացնի ՀՀ-ի նպատակային ցուցանիշների հասնելը»,- նշում են գործակալության փորձագետները:

Այսպիսով, Fitch-ի գնահատմամբ, ՀՀ տնտեսության վրա դրականորեն կարող են անդրադառնալ արտաքին տնտեսական իրավիճակի բարելավումը, մասնավորապես՝ ՌԴ տնտեսության վերականգնումը կամ ՀՀ-ի՝ դրան հարմարվելը, ինչպես նաեւ ՀՆԱ-ի նկատմամբ ՀՀ կառավարության պարտքի կրճատումը, իսկ բացասաբար կարող են անդրադառնալ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի խորացումը, հանքահումքային ապրանքների գների շարունակական անկումը, երկրի արտաքին պահուստների կրճատումն ու արտաքին պարտքի հետագա աճը:

Ներկայում Հայաստանի վարկանիշը Fitch-ը գնահատում է «B+» մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ:

Դիտում՝ 3483
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW