Վերին Լարսը կբացվի 2-3 շաբաթից, ասել է Վաչե Գաբրիելյանը

30.06.2016 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր ասել է, որ Վերին Լարսում ընթացող վերականգնման աշխատանքները կարող են տեւել երկուսից երեք շաբաթ:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ից հորդառատ անձրեւների պատճառով հունից դուրս եկած Թերեք գետը հեղեղել է «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս» ճանապարհի 134-135 կմ հատվածը, ինչի հետեւանքով ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, բեռնատարները երթեւեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ՝ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:

«Խնդիրը գտնվում է ՀՀ վարչապետի եւ կառավարության ուշադրության կենտրոնում: Արտակարգ իրավիճակների եւ տրանսպորտի ու կապի նախարարություններն օպերատիվ կապի մեջ են Վրաստանի եւ Ռուսաստանի իրենց գործընկերների հետ»,- կառավարության նիստում ասել է Վաչե Գաբրիելյանը:

Նա տեղեկացրել է, որ վարչապետը նամակով դիմել է ՌԴ կառավարությունը, որն ինքնաթիռ է հատկացրել՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար:

«ՌԴ ԱԻՆ-ը Վլադիկավկազ-Երեւան թռիչքով իրականացրել է արդեն իսկ 96 ուղեւորի փոխադրում, եւս 120 ուղեւոր այսօր կփոխադրվի»,- ասել է նախարարը:

Նրա փոխանցմամբ՝ հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են Նովոռոսիյսկ եւ այժմ բեռնաթափվում են: Նովոռոսիյսկ-Վառնա-Բաթումի ուղղությամբ Հայաստան եկող բեռնատարները հուլիսի 3-ին կհասնեն Բաթումի:

Հուլիսի 4-ի՝ Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն իսկ վաճառվում են: «Սպայկա» ընկերության կողմից վարձակալված Փոթի-Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին  լաստանավը 55 բեռնատարներով գտնվում է Նովոռոսիյսկում եւ սպասում է  նավամատույցին մոտենալու թույլտվությանը: Իսկ հունիսի 30-ի դրությամբ Նովոռոսիյսկում «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երկրորդ լաստանավը:

Առկա տեղեկատվության համաձայն՝ բեռնատարների կուտակումը Վրաստանի տարածքում հասնում է 15-20 մեքենայի՝ չհաշված այն մեքենաների, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում:

Վաչե Գաբրիելյանը բեռնափոխադրողներին հորդորել է կուտակումներից խուսափելու նպատակով, Հայաստանից դուրս գալուց առաջ, լաստանավի վրա տեղ ամրագրել:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ նշել է, որ բանակցություններ են վարում վրացական կողմի հետ՝ Հայաստանը Ռուսաստանին կապող այլընտրանքային ճանապարհ ունենալու համար:

«Հարավային Օսեթիայի ճանապարհը լավ վիճակում է, երկու պետությունների հետ բանակցություններ են վարվում այդ ճանապարհը բացելու ուղղությամբ: Դիվանագիտական օղակներով պետք է հասենք նրան, որ Լարսից բացի ունենանք դեպի Ռուսաստան գնացող այլընտրանքային ճանապարհ»,- ասել է Գագիկ Բեգլարյանը:

Դիտում՝ 3606
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW