ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատակամություն է հայտնել Եվրամիության աջակցությամբ Հայաստանում լայնածավալ բարեփոխումները շարունակելու հարցում: Վարչապետը նման հայտարարություն է արել նախօրեին Եվրոպական Միության անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: «Ինչպես բազմիցս նշել եմ` ԵՄ-ի հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը»,- ասել է վարչապետը: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ կառավարությունը շարունակաբար հետեւողական քայլեր է ձեռնարկում այդ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: ԵՄ պատվիրակության ղեկավարը իր հերթին նշել է, որ չնայած առկա մարտահրավերներին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են դրական ընթացքի մեջ:Պյոտր Սվիտալսկին կարեւորել է Հայաստանի եւ եվրոպական պետությունների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը, նորանոր ներդրումների ներգրավումը: Այդ տեսանկյունից, նա բարձր է գնահատել գործարար միջավայրի բարելավման, մենաշնորհների դեմ պայքարի, դատական իշխանության անկախության ամրապնդման ուղղությամբ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել իր օժանդակությունն այս ուղղությամբ: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ դեսպանն ընդգծել է, որ արդեն իսկ ԵՄ դեսպաններին է ներկայացրել Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդի նիստից իր դրական տպավորությունները եւ ավելացրել, որ «քաջալերող ու հուսադրող» է համարում կառավարության, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը խորհրդի շրջանակում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագրի բանակցություններին, ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական մրցակցության զարգացմանը եւ այլ հարցերի: Վարչապետը նշել է, որ տնտեսական աճի կայուն հիմքերի երաշխավորմանն ուղղված բարեփոխումների տեսանկյունից առանցքային նշանակություն ունի տնտեսության մրցունակության եւ արտադրողականության բարձրացումը: Ըստ նրա՝ նման բարեփոխումների շարքում է Հարկային նոր օրենսգրքի ընդունումը, որը պետք է բարելավի հարկային վարչարարությունը, եկամուտների ավելացումը՝ բիզնեսի համար ապահովելով կայունություն ու կանխատեսելիություն: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տնտեսության զարգացման համար օրակարգային է նաեւ ՀՀ-ում մրցակցային պայմանների բարելավման եւ ակտիվ հակամենաշնորհային քաղաքականության իրականացման հիմնահարցը, որի ապահովումն առաջիկա տարիներին կարող է առանցքային նշանակություն ունենալ մեր երկրի զարգացման տեսանկյունից: Վարչապետը կարեւորել է նաեւ պետական գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եւ գնումների առավել թափանցիկության ապահովումը՝ ավելացնելով, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում գործընթացի տարբեր փուլերում թափանցիկության հետագա բարելավման ուղղությամբ: Անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, շահագրգռված է ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության հաստատմամբ եւ պատրաստ է ամեն կերպ նպաստել այդ երկխոսության ձեւավորմանը: Tweet Դիտում՝ 2689