ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
28.06.2016 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ reklammaster.com

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն այսօրվա նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,5%:
ԿԲ-ն գնահատել է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ գնաճային սպասումները կլինեն համեմատաբար կայուն, այդուհանդերձ, տարվա երկրորդ կիսամյակում գնանկումը զգալիորեն կդանդաղի:
«Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի պարագայում գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, եւ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին»,- նշել են ԿԲ-ում:
ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ 2016թ. մայիսին գրանցվել է 0,7% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -2,1%:
«Արտաքին հատվածում հիմնականում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչպես նաեւ վերջին շրջանում միջազգային ապրանքային շուկաներում ձեռքբերված հարաբերական կայունությունը, ընդ որում, որոշ ապրանքների գծով դիտվել են որոշակի գնաճային միտումներ»,- ասված է հաղորդագրությունում:
ԿԲ խորհուրդը գնահատել է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Միաժամանակ, ԿԲ-ը շարունակում է հետեւել եւ մշտադիտարկել ֆինանսական շուկաների՝ Եվրամիությունում ընթացող գործընթացներից բխող զարգացումները
Խորհուրդն արձանագրել է, որ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում շարունակել է դիտվել համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն, ինչն ուղեկցվել է համախառն պահանջարկի որոշակի վերականգնմամբ:
«Չնայած դեռեւս պահպանվող ցածր ներքին պահանջարկին՝ վերջին շրջանում ԿԲ-ի եւ կառավարության կողմից իրականացված խթանող քաղաքականության հետեւանքով այն վերականգնվում է սպասվածից ավելի արագ տեմպերով, ինչի մասին ակնհայտորեն վկայում է թե՛ առեւտրի ոլորտի, թե՛ ապրանքների ներմուծման եւ թե՛ տնտեսության վարկավորման մասով արձանագրված աճը»,- ընգդծել են ԿԲ-ում:
Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9% եւ 6%:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: