Հետազոտություն. ՀՀ-ում կանայք շարունակում են տղամարդկանցից քիչ վաստակել

28.06.2016 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում կանանց միջին ամսական անվանական աշխատավարձը շուրջ 50 հազ. դրամով ցածր է տղամարդկանց աշխատավարձից:

Այս մասին է վկայում «Կանանց եւ տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» խորագրով հետազոտությունը, որն անցկացվել է «Օքսֆամ» կազմակերպության եւ «ՕքսԵՋեն» հիմնադրամի «Հավասար» քարոզարշավի շրջանակում՝ ՀՀ վիճակագրական տվյալների եւ փորձագիտական հարցումների հիման վրա:

Հետազոտության արդյուքներով՝ 2010-2014 թթ. Հայաստանում գրանցվել է անվանական աշխատավարձների 30-35% աճ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար, այդուհանդերձ, տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում կանայք շարունակում են տղամարդանցից ավելի քիչ վաստակել:

Ընդ որում, 2014թ. կանանց միջին ամսական աշխատավարձը գրեթե հավասար է եղել տղամարդկանց 2010թ. միջին ցուցանիշին:

Հեղինակները կարծում են, որ կանանցից ավելի երկար ժամանակ է պահանջվում աշխատանք գտնելու համար: 4 տարուց ավելի ժամանակահատվածում աշխատանք փնտրող կանանց ցուցանիշը 2014թ. կազմել է  60,2% է, տղամարդկանցը՝ 39,8%: 1-2 տարի աշխատանք փնտրողների շրջանում կանայք կազմել են 64,1%, տղամարդիկ՝ շուրջ 55%:

Այդուհանդերձ, մինչեւ 1 տարի տեւողությամբ աշխատանք փնտրողների շրջանում տղամարդիկ գերակշռում են: Մինչեւ 3 ամիս աշխատանք են փնտրել 55% տղամարդիկ եւ 45% կանայք, իսկ 3-12 ամիս՝ համապատասխանաբար 54,9% եւ 45,1%:

Հետազոտության արդյունքներով՝ կանայք ՀՀ աշխատաշուկայում հիմնականում ներգրավված են ոչ լրիվ աշխատանքային օրով: Լրիվ աշխատանքային օրով առավելապես զբաղված են երբեւէ չամուսնացած, այրի եւ ամուսնալուծված կանայք:

«Հայ հասարակությունում գենդերային հիմնական պատկերացումները կառուցվում են դերերի եւ իշխանության ավանդական բաշխման «Աղջիկը գնացող է», «Տղան տան սյունն է» կարծրատիպերի շուրջ»,- պնդում են հեղինակները:

Նրանց կարծիքով՝ այս կարծրատիպերի առկայությունը պայմանավորված է ՀՀ-ում հայրիշխանական մշակույթի լայն տարածմամբ:

Հեղինակները եկել են այն եզրահանգմանը, որ կանանց՝ որպես ղեկավարների ներգրավումը նպաստում է ոչ միայն տնտեսական շահույթի ավելացմանը, այլեւ առաջնորդական նոր մշակույթի ձեւավորմանը:

Դիտում՝ 3425
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW