Հանրային խորհրդում հունիսի 23-ին կայացած ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգի առանցքային հարցերից մեկը վերաբերել է Հարկային նոր օրենսգրքին:ՀԽ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ հարցով ստեղծված աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են հունիսի 21-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության արդյունքները` մտահոգիչ հարցեր բարձրացնելով ոչ միայն օրենսգրքի առանձին դրույթների, այլ առհասարակ օրենսգրքի բովանդակության եւ գաղափարախոսության վերաբերյալ:Անդրադառնալով օրենսգրքում տեղի ունեցած առանձին փոփոխություններին` շրջանառության հարկի շեմի նվազեցման, եկամտահարկի նոր դրույքաչափերի կիրառման, շահաբաժինների հարկման, ամորտիզացիաների ժամկետների երկարաձգման եւ այլնի հետ կապված` խորհրդի անդամներն ընդգծել են, որ այդ փոփոխությունները կարող են բացասական հետեւանքներ ունենալ հարկային համակարգի, գործարար միջավայրի եւ ընդհանրապես երկրի տնտեսության զարգացման վրա: Միաժամանակ, առավել կարեւորվել է Հայաստանում հարկային քաղաքականության նոր հայեցակարգային մոտեցումներ որդեգրելու եւ համակարգը նոր մոտեցումներով բարեփոխելու անհրաժեշտությունը, որը երկարաժամկետ հեռանկարների առումով կդառնա երկրի զարգացման անկյունաքարը:Նիստի ընթացքում որոշվել է կազմակերպել եւս մեկ քննարկում եւ քննարկմանը հրավիրել նաեւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, որը համապատասխան պարզաբանումներ կներկայացնի խորհրդի անդամների կողմից բարձրացվող հարցերի վերաբերյալ:Հանրային խորհուրդը Հարկային օրենսգրքի քննարկումների արդյունքում ձեւավորած իր դիրքորոշումը կամփոփի համապատասխան փաստաթղթում եւ կներկայացնի հանրությանն ու ՀՀ նախագահին:Հիշեցնենք, որ բիզնես ոլորտի շահերը ներկայացնող մի շարք կառույցներ օրերս հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով ԱԺ նախագահին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել հանրային լսումներ մի շարք սկզբունքային հարցեր քննարկելու, նախագիծը վերանայելու եւ իր հիմնական նպատակին համահունչ դարձնելու ուղղությամբ»: Tweet Դիտում՝ 3261