ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Սպայկա» ընկերություն՝ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով:«Չնայած եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի վաղ ակնկալում էինք ծիրանի ցածր բերք, սակայն այդ կանխատեսումները չիրականացան, եւ այս տարի, նախնական գնահատականներով` կունենանք ավելի քան 60 հազ. տոննա բերք»,- հայտարարել է նախարարը:Համեմատության համար նշենք, որ 2015թ. Հայաստանում ծիրանի բերքը կազմել է 116 հազ. տոննա:Նախարարի խոսքով` բնակլիմայական պայմաններից ելնելով՝ ծիրանի արտահանման աշխատանքներն այս տարի ավելի վաղ են սկսել: Օրական միջինում արտահանվում է շուրջ 600-800 տոննա ծիրան, եւ հունիսի 22-ի դրությամբ արդեն արտահանվել է 5675 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2710 տոննայի դիմաց: Բացի այդ, Հայաստանից օրական արտահանվում է շուրջ 80-100 տոննա կեռաս եւ արդեն արտահանվել է 2010 տոննա` նախորդ ամբողջ տարվա 2000 տոննայի դիմաց:Սերգո Կարապետյանի խոսքով՝ այսօրվանից վերամշակող գործարաններում սկսել է նաեւ մթերման գործընթացը: «Սպայկա» ՍՊԸ-ի «Արարատֆուդ» ընկերության տնօրեն Համլետ Թադեւոսյանն էլ ընդգծել է, որ այս տարի ծիրանն ավելի լավ ապրանքային տեսք ունի, եւ մթերման գործընթացը հաջող է ընթանում: Համլետ Թադեւոսյանի խոսքով՝ ծիրանի մթերման գինն այս պահին 500 դրամ է: Ընկերությունը նախատեսում է կրկնապատկել ծիրանի ինչպես նախորդ տարվա մթերումների քանակը, այնպես էլ արտահանման ծավալները՝ հասցնելով 5000 տոննայի՝ նախորդ տարվա 2500 տոննայի դիմաց: Հետագայում կազմակերպվելու են նաեւ դեղձի, սալորի, խաղողի եւ այլ մրգերի մթերումներ: Համլետ Թադեւոսյանը տեղեկացրել է, որ ընկերությունում գործարկվել է նոր արտադրամաս, որը գտնվում է փորձարկման փուլում: Արտադրամասում կվերամշակվեն մրգեր, կարտադրվեն հյութեր եւ կոմպոտներ` Ռուսաստան եւ Եվրամիության երկրներ արտահանելու նպատակով: Գյուղնախարարության տվյալների համաձայն՝ մինչ օրս արտահանվել է 63 700 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 76 700 տոննայի դիմաց: Նախարարի խոսքով՝ մինչեւ տարեվերջ նախատեսվում է պահպանել այդ բարձր ցուցանիշը: Tweet Դիտում՝ 4580