Միջազգային սերտիֆիկացման TUV Rheinland ընկերության Երեւանի գրասենյակը՝ հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների, ոլորտը կարգավորող գերատեսչությունների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ, այսօր քննարկել է շրջակա միջավայրի պահպանության ու անվտանգության նորմերի կառավարմանն առնչվող խնդիրներն ու մարտահրավերները:Հանդիպման նպատակն էր քննարկել միջազգային կառավարման ստանդարտների մոտեցումներն ու դրանց կարեւորությունը հանքարդյունաբերության ոլորտում, ինչպես նաեւ մեզանում միջազգային կառավարման ստանդարտների ներդրման ուղղությամբ առկա խոչնդոտները:Քննարկման կազմակերպիչ «Մենեջմենթ Միքս» (Management Mix) խորհրդատվական ընկերության խորհրդատու Մհեր Մանուկյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ ունենալով հանքարդյունաբերության ոլորտի փորձառություն եւ ծանոթ լինելով առկա խնդիրներին՝ նպատակ ունեն աջակցել երկրի տնտեսության առաջատար ոլորտներից մեկի՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին՝ ներկայացնելով միջազգային փորձն ու ընդունված որակի, տեխնիկական եւ անվտանգության կառավարման համակերգերը:«Առաջնային խնդիրը, որ տեսնում ենք այս ոլորտում, միջազգային կառավարման համակարգերի ներդրման պրակտիկայի բացակայությունն է: Մենք խնդիր ունենք այդ չափանիշները տեղայնացնելու եւ մշակույթ դարձնելու հետ կապված: Ուշագրավ են նաեւ համայնքների հետ տարվող աշխատանքի փորձն ու օրենսդրական բացերը, որոնք երբեմն չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, իսկ օրենքի որոշ կետեր հստակ չեն, հետեւաբար` խնդրահարույց` իրենց կրառության մեջ»,- նշել է Մհեր Մանուկյանը:Հանդիպմանը ներկա էին ՎԶԵԲ (EBRD) եւ ՄՖԿ (IFC) ներկայացուցիչները, ՀՀ խոշոր հանքերի բնապահպանության եւ տեխնիկական անվտանգության պատասխանատուներ, մասնագետներ, ինչպես նաեւ TUV Rheinland-ի փորձագետը:«Մենեջմենթ Միքս» ընկերության մասնագետը ներկայացրել է հանքարդյունաբերության միջազգային ստանդարտները, դրանց պահանջներն ու ներդրման մեթոդաբանությունը:«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի դուստր «Գեոթիմ» ընկերության բնապահպանական փորձագետ Արթուր Պեպանյանն էլ Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ նման քննարկումները կարեւոր են հատկապես փորձի փոխանակման տեսանկյունից: «Այստեղ կան ընկերություններ, որոնք ունեն հանքերի շահագործման երկարամյա փորձ, ինչը կարող է նաեւ մեզ համար օգտակար լինել: «Գեոթիմ» ընկերությունը, տեղական չափանիշներից բացի, աշխատում է միջազգային բնապահպանական եւ հանքագործական չափանիշների համաձայն, առաջնորդում ՎԶԵԲ-ի եւ ՄՖԿ-ի սահմանած սկզբունքներով»,- նշել է Արթուր Պեպանյանը: Կազմակերպիչները հույս են հայտնում, որ քննարկման արդյունքում վեր հանված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները կդառնան առաջարկություններ, որոնք եւ հետագայում կկիրառվեն հանքերի կառավարման մոտեցումների մեջ: Tweet Դիտում՝ 5059