«Արմենիան Քարդ»-ը, Beeline-ը եւ «Նիկիտա Մոբայլ»-ը համատեղ հայտարարում են USSD ArCa ծրագրի գործարկման մասին: Ծրագիրը նախատեսված է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդների եւ ArCa համակարգի բանկերի քարտապանների համար, որոնք, իրենց բանկում քարտի համարին կցելով Beeline բջջային համարը, հնարավորություն կստանան իրականացնել մի շարք գործառնություններ «Արմենիան Քարդ»-ի տրամադրած USSD ինտերֆեյսի միջոցով: Մասնավորապես, քարտապանները կկարողանան իրական ժամանակում օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչեւ 5 գործառնությունների քաղվածքը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում արգելափակել քարտը օրվա ցանկացած ժամի: «Վստահ եմ, որ ծառայության գործարկումից հետո քարտապանները կգնահատեն դրա առավելությունները, եւ այն կընդլայնվի այլ բջջային օպերատորների միանալու հաշվին»,- ասել է «Արմենիան Քարդ»-ի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը։«Մենք վստահ ենք, որ USSD ArCa նորարարական ծառայությունը զգալիորեն կհեշտացնի բանկային հաշվով կամ քարտով գործառնությունների գործընթացը հաճախորդի համար` անկախ ժամից եւ հեռավորությունից»,- իր հերթին նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել *116# USSD-հրահանգը եւ հետեւել մենյուի հրահանգներին` առաջարկված ցանկից ընտրելով անհրաժեշտ ծառայությունները: Ծառայությանը միանալու համար քարտապանը պետք է դիմի իրեն սպասարկող բանկ։ Tweet Դիտում՝ 25457