«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող «Արմենիա» գնացքը հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը՝ մինչեւ 20% իջեցված գներով: Երթուղու նոր գները տատանվում են 9 850-ից 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից: Համեմատության համար նշենք, որ անցած տարի Երեւան-Բաթումի-Երեւան երթուղու գները սկսվում էին 12 500 դրամից, իսկ ամենաթանկ տոմսն արժեր 28 500 դրամ, ինչից կարելի է ենթադրել, որ տոմսերի 20-տոկոսանոց էժանացումը վերաբերում է հիմնականում էկոնոմ դասի տոմսերին:ՀԿԵ-ի մամուլի պատասխանատու Վարդան Ալոյանը, Banks.am-ի խնդրանքով մեկնաբանելով տոմսերի էժանացումը, ասել է, որ այս քայլն ուղղված է ուղեւորահոսքերի աճի խթանմանը:Վարդան Ալոյանի խոսքով՝ ընկերությունը հաշվարկել է, որ այս պահին հնարավորություն ունի իջեցնելու տոմսերի գները՝ պայմանավորված շվեյցարական ֆրանկի՝ այլ արժույթների նկատմամբ արժեւորման միտումով:«ԱՊՀ տարածաշրջանում գնացքների տոմսերի գնագոյացումը կախված է ոչ թե դոլարից, այլ շվեյցարական ֆրանկից, քանի որ այն առավել կայուն արժույթներից է: Այս պահին շվեյցարական ֆրանկն ամրապնդվում է՝ հնարավորություն տալով մեզ իջեցնել տոմսերի գները»,- ընդգծել է նա:Վարդան Ալոյանը նշել է նաեւ, որ անցյալ տարի շվեյցարական ֆրանկի արժեզրկումից ԱՊՀ բոլոր երկրներում երկաթուղին կրել է մեծ կորուստներ՝ ուղեւորների թվի կրճատման տեսքով: Հայաստանում այդ կորուստները եղել են ամենափոքրը, քանի որ այստեղ գործում է միայն մեկ գնացք:Նշենք, որ հունիսի 15-ից «Արմենիա» գնացքը Երեւանից կմեկնի ամեն օր՝ ժամը 15:30-ին: Երեւանից Բաթումի ուղեւորությունը տեւում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: «Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին եւ անվտանգության պահանջներին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում եւ ննջավագոններում ուղեւորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ»,- նշել են է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 12556