Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքը եւ նրա մտերիմ գործարարները «կլորիկ» գումար են «վաստակել» 2015թ. ադրբեջանական ազգային արժույթի՝ մանաթի արժեզրկումից: Այսպիսի եզրահանգման են եկել Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի արձանագրման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project, OCCRP) փորձագետները:«Գործարքներն իրականացվել են երեք բանկերի՝ Caspian Development Bank-ի, AtaBank-ի եւ Pasha Bank-ի միջոցով, որոնք պատկանում են Ալիեւների ընտանիքի բարեկամ գործարար Աշրաֆ Քամիլովին կամ հենց Ալիեւներին»,- կարծում են OCCRP-ի փորձագետները:2015թ. հունվարի վերջին Caspian Development Bank-ը $52 մլն վարկ էր տրամադրել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR): Ընդ որում, վարկավորումն իրականացվել էր բանկային օրենսդրության խախտմամբ եւ շուկայականից բարձր տոկոսադրույքով: Այն բանից հետո, երբ 2015թ. փետրվարին Ադրբեջանի Կենտրոնական բանկն արժեզրկեց մանաթը դոլարի նկատմամբ, վերոնշյալ վարկավորման գործարքից, միայն փոխարժեքների տարբերության հաշվին, բանկը շահեց 13 մլն մանաթ ($12,5 մլն):Բացի այդ, եւս 39,2 մլն մանաթ ($25,4 մլն) բանկը շահել է 2015թ. դեկտեմբերին՝ Ադրբեջանի ԿԲ-ի կողմից մանաթի լողացող կուրսի անցնելու քաղաքականության հաշվին:Ինչպես հավաստիացնում են OCCRP փորձագետները, կասկածելի գործարքներ են իրականացվել Ալիեւների ընտանիքի հետ առնչվող եւս երկու բանկում՝ AtaBank-ում եւ Pasha Bank-ում, որոնք մանաթի արժեզրկման հաշվին ստացել են համապատասխանաբար 61 մլն եւ 35,9 մլն մանաթ եկամուտ: OCCRP-ն շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որն ընդգրկում է մի շարք տեղական հետազոտական կենտրոններ եւ անկախ մեդիայի ներկայացուցիչներ Արեւելյան Եվրոպայից եւ Կենտրոնական Ասիայից: Կազմակերպության անդամ է նաեւ հայաստանյան «Հետք» ինտերնետային թերթը: Tweet Դիտում՝ 19912