Հայաստանի պարենային ապրանքների շուկայում վերջին ամիսներին նկատվող գնանկումային միտումը շարունակում է պահպանվել. 2016թ. մայիսին նախորդ ամսվա համեմատ սննդամթերքն էժանացել է 1%-ով:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսին արձանագրված պարենային ապրանքների գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ձվի, բանջարեղենի եւ կարտոֆիլի գնանկումը:Այսպես, ձվի հանրապետական միջին գինը 2016թ. մայիսին 2015թ. մայիսի համեմատ նվազել է 18,4%-ով, իսկ 2016թ. ապրիլի համեմատ՝ 11,4%-ով:Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 2,7% գնաճ, իսկ այս տարվա ապրիլի համեմատ՝ 7,1% գնանկում: 2016թ. մայիսին 2015թ. մայիսի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 4,9%, իսկ 2016թ. ապրիլի համեմատ՝ 0,5% գնանկում:Այս տարվա մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենդանական եւ բուսական յուղերի, շաքարավազի, սուրճի, թեյի, կակաոյի 0,2-0,3% գնանկում:Մրգի ապրանքախմբում նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 22,3% գնանկում, իսկ այս տարվա ապրիլի համեմատ`3,4% գնաճ:Ձկնամթերքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 3,3%-ով, իսկ 2016թ. ապրիլի համեմատ՝ թանկացել 0,8%-ով:Հացամթերքի ապրանքախմբում 2016թ. մայիսին 2015թ. մայիսի համեմատ արձանագրվել է 3,1% գնանկում, իսկ 2016թ. ապրիլի համեմատ` 0,4% գնաճ:Մսամթերքը 2015թ. մայիսի համեմատ էժանացել է 3,9%-ով, իսկ 2016թ. ապրիլի համեմատ` թանկացել 0,2%-ով:2016թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոգելից խմիչքի եւ ծխախոտի 0,1% գնաճ՝ պայմանավորված ծխախոտի 0,5% գնաճով, իսկ հրուշակեղենի, այլ մթերքի, ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:Բացի այդ, ոչ պարենային ապրանքների ՀՀ շուկայում մայիսին արձագրվել է գնանկում 0,6%-ի չափով, իսկ ծառայությունների սակագները մեկ ամսում նվազել են 0,3%-ով:Հանրապետությունում 2016թ. մայիսին նախորդ ամսվա համեմատ գրանցվել է բենզինի 0,5%-անոց գնաճ, իսկ դիզելային վառելիքի գները նույն ամսին նվազել են 2,9%-ով:Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում այս տարվա մայիսին ապրիլի նկատմամբ նվազել են 0,7%-ով, իսկ 2015թ. մայիսի նկատմամբ՝ 2,1%-ով: Tweet Դիտում՝ 3164