«Արմենիան Քարդ» ընկերության տնօրեն Իշխան Մխիթարյանը կարծում է, որ ռուսական «Միր» քարտերի օպերատորի՝ «Վճարային քարտերի ազգային համակարգ»-ի հետ համագործակցության պայմանները կլինեն «տնտեսապես ձեռնտու եւ մրցունակ»:Այս մասին Իշխան Մխիթարյանն ասել է Banks.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով «Միր» եւ ArCa վճարային քարտերի փոխադարձ սպասարկման վերաբերյալ օրերս Երեւանում ստորագրված հուշագիրը:«Մեր ընկերությունը քարտապաններին մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնման եւ գործառնական զարգացմանն ուղղված իր քաղաքականության ներքո այս իրադարձությունը դիտարկում է որպես այդ ուղղությամբ կատարվող եւս մեկ կարեւոր քայլ»,- նշել է Իշխան Մխիթարյանը: Նրա խոսքով՝ դեռեւս կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր, որի հիման վրա առաջիկա ամիսների ընթացքում կծավալվեն առարկայական քննարկումներ տեխնիկական, կազմակերպչական եւ շաղկապված այլ հարցերի շուրջ:Ավելի վաղ «Վճարային քարտերի ազգային համակարգ»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլեւն էլ նշել էր, որ Հայաստանն իրենց կարեւորագույն գործընկերներից է, որի հետ սկսել են երկու համակարգերի համար նշանակալի նախագիծ: «Մենք դիտարկում ենք նաեւ «Միր»-ArCa քոբեյջինգային քարտերի թողարկման հնարավորությունը, որը կարող է դառնալ մեր համագործակցության հաջորդ քայլը»,- ասել է Վլադիմիր Կոմլեւը:Նշենք, որ ՌԴ Կենտրոնական բանկին պատկանող «Վճարային քարտերի ազգային համակարգ» ընկերությունը հիմնադրվել է 2014թ. հուլիսի 23-ին: Tweet Դիտում՝ 18193