Հունիսի 11-ին կվերաբացվի Երեւան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին:Ինչպես հաղորդում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, այդ մասին այսօր տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:«Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի եւս գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրվելու են վրաններ, վաճառասեղաններ, սայլակներ եւ կշեռքներ»,- նշել է փոխնախարարը:Անդրադառնալով տոնավաճառին մասնակցելու ընթացակարգերին` Ռոբերտ Մակարյանն ասել է, որ գյուղատնտեսական մթերք արտադրողների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:Ամփոփելով նախորդ տարվա տոնավաճառների արդյունքները` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, 2015 թվականին Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է 63, իսկ «Մալիբու» սրճարանին հարող տարածքում` 51 տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 15 հազ. գյուղացիական տնտեսություն: Տոնավաճառների այցելուների թիվը օրական միջինում կազմել է մոտ 5-6 հազ., մանրածախ գներն ընդհանուր շուկայական գներից շուրջ 10-20 տոկոս առավել ցածր են: Փոխնախարարը շեշտել է, որ վաճառքն իրականացվում է նախարարության կողմից տրամադրվող կշեռքներով, որոնք ստուգաչափված են, եւ թերակշռումները բացառվում են:Հիշեցնենք, որ գյուղատնտեսական տոնավաճառները Երեւանում անցկացվում են 2011-ից: Tweet Դիտում՝ 2568