ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է մենաշնորհների մասին օրերս արած իր երկու հայտարարությունները, որոնք հանրության շրջանում բուռն քննարկման առարկա էին դարձել:Անդրադառնալով իր հայտարարությանը, թե «շաքարի շուկան պետության կողմից կարող է հայտարարվել մենաշնորհ», նախարարն ասել է. «Շաքարավազի գործարանը Հայաստանում փաստացի միակն է, երկրորդը չկա, սակայն գործող օրենքի շրջանակում այն չի համարվում մենաշնորհ: Որպեսզի իրականությունը եւ օրենքը իրար համապատասխանեն, անհրաժեշտ է տալ նրան այդ մենաշնորհի կարգավիճակը ոչ թե արտոնությունների, այլ հավելյալ պատասխանատվության ենթարկվելու համար: Երբ կազմակերպությունը չի համարվում մենաշնորհ, նրա նկատմամբ չեն կարող կիրառվել հակամենաշնորհային գործիքներ: Մենաշնորհի կարգավիճակը բերում է հավելյալ պատասխանատվություն՝ թափանցիկության, ինքնարժեքի ձեւավորման բոլոր բաղադրիչների ուսումնասիրության, ինչպես նաեւ շուկայում նրա ազդեցության մանրամասն վերլուծության, պահանջների եւ պարտադրանքի կիրառման մասով»:Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ինքն ամենեւին չի ցանկացել քննարկել կոնկրետ շաքարավազի շուկան, այլ դրա օրինակով փորձել է ներկայացնել մենաշնորհների կարգավորման միջազգային փորձը:Ինչ վերաբերում է ավիատոմսերի մասին իր հայտարարությանը, թե Երեւանում ավիատոմսերն ավելի էժան են, քան Թբիլիսիի եւ Բաքվի օդանավակայաններում, նախարարը պարզաբանել է, որ ինքը խոսել է ոչ թե ավիատոմսերի գների մասին, այլ ներկայացրել է օդանավակայանների սակագները:«Ես նշել եմ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մեկ ինքնաթիռի սպասարկման հաշվով ծախսերը շահեկանորեն տարբերվում են Թբիլիսիի եւ Բաքվի օդանավակայաններից. ամենեւին խոսք չի գնացել ավիատոմսերի մասին: Այդպիսի պնդում մենք չենք կարող կատարել, քանի որ ավիատոմսերի վաճառքով եւ մոնիտորինգով նախարարությունը չի զբաղվում»,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը: Tweet Դիտում՝ 3545