ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան: Կառավարությունում նշել են, որ ձեռնարկությունը ռուսաստանյան մասնավոր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հիմնական ակտիվն է Հայաստանում, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանը եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:Հովիկ Աբրահամյանը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին եւ «Ալբիոն» նոր տեխնոլոգիական հոսքագծի աշխատանքներին: Այն շահագործման է հանձնվել 2014թ. եւ ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր մակարդակը՝ պահպանելով բնապահպանական չափանիշները: Վարչապետին ներկայացվել է, որ «Ալբիոն» տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հեշտ եւ արդյունավետ վերամշակել սուլֆիդային հանքաքարը՝ մետաղի առավելագույն կորզումով, կիրառվել է Ավստրալիայում՝ ցինկի եւ պղնձի հանքերում, Դոմինիկյան Հանրապետությունում, ինչպես նաեւ Ռումինիայում՝ ոսկու վերամշակման նպատակով: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահը նշել է, որ ոսկու կորզման նպատակով այս տեխնոլոգիայի կիրառումը Հայաստանում առաջին փորձն է աշխարհում: Գործարանի արդիականացման արդյունքում աշխատատեղերի թիվն ավելացել է 130-ով. ներկայում ընկերությունում աշխատում է 1038 մարդ, որից 421-ը՝ գործարանում, 617-ը՝ Սոթքի հանքավայրում: Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ընկերության գործունեությունը՝ նշելով, որ այն խոշոր ներդրումներ է կատարում Հայաստանում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ միջազգային շուկայում մետաղների գների անկումը խաթարում է հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, բայց Արարատի ոսկու կորզման գործարանը գտնվում է լավ վիճակում, արտադրական հզորությունները բարձր են, եւ ողջունելի է աշխարհում ոսկու կորզման տեխնոլոգիայի կիրառումը Հայաստանում:Հովիկ Աբրահմյանի խոսքով՝ 2015թ. եւ 2016թ. առաջին եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում ծավալների աննախադեպ աճ է արձանագրվել, ինչը նպաստում է նաեւ տնտեսության ակտիվությանը: Վարչապետի խոսքով՝ ոլորտի զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, եւ գործադիրն անհրաժեշտության դեպքում կաջակցի, որպեսզի գործարանները շարունակեն բնականոն հունով աշխատել: Tweet Դիտում՝ 4534