Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գեւորգ Պողոսյանն այսօր ասել է, որ մենաշնորհային դաշտը Հայաստանում ձեւավորվում է «արդեն մաքսային սահմանից սկսած»:Այս մասին նա նշել է Երեւանում կայացած «Հայաստանում ՓՄՁ ոլորտի խնդիրները եւ դրանց ազդեցությունը տնտեսական զարգացման վրա» թեմայով ասուլիսի ընթացքում:«Հասարակ գործարարները, մասնավորպես՝ ՓՄՁ ներկայացուցիչները, չեն կարողանում այնպիսի հավասար պայմաններում եւ ընթացակարգերով ներմուծել ապրանքներ, ինչը որ թույլատրված է որոշակի «արտոնություն» ունեցող բիզնեսմենների, որոնք ինչ-ինչ պատճառներով ձեռք են բերել արտոնյալ մենաշնորհային դիրք»,- նշել է ՎԶԵԲ ներկայացուցիչը:Նրա խոսքով՝ մաքսային սահմանի առաջին «չարիքը» հսկիչ գներն են, երբ ապրանքի ձեռքբերման գնի հիման վրա մաքսային ձեւակերպում կարող են իրականացնել բացառապես խոշոր ներմուծողները, իսկ փոքր բիզնեսը ստիպված է անցնել հսկիչ գների բարդ ընթացակարգով եւ վճարել ավելի շատ հարկեր, տուրքեր եւ մաքսավճարներ:Այս իրավիճակում նրանք երբեմն ստիպված են դիմել կարգո ներմուծողների, որոնք իրենց անվան տակ կարող են ներմուծել ապրանքներ ՓՄՁ-ների համար: Այս դեպքում էլ ՓՄՁ ներկայացուցիչները հանդիպում են մեկ այլ՝ փաստաթղթավորում չունենալու խնդրին, քանի որ ներմուծումն իրականացվել է ոչ իրենց անունից:Ըստ Գեւորգ Պողոսյանի` գոյություն ունի ապրանքների մի ցանկ, որի ներմուծումն իրականացնելն անհնար է, քանի որ, ինչպես որ նշում են բազմաթիվ գործարարներ, դրանով արդեն զբաղվում են «ոմն» անձինք: «Բազմիցս խոսվել է այն մասին, որ որոշակի ապրանքացանկ Հայաստան է ներմուծվում այլ ապրանքների անվան տակ, ինչի արդյունքում մենք ունենում ենք ոչ միայն խեղաթյուրված վիճակագրություն, այլեւ ինքնարժեքից ցածր գնով ապրանքներ: Այսինքն՝ ապրանքը որոշ խոշոր ներմուծողի համար լինում է շատ ավելի էժան, քան կլիներ սովորական գործարարի՝ սովորական ընթացակարգով ներմուծման դեպքում: Սա ստեղծում է ոչ հավասար մրցակցային պայմաններ եւ ձեւավորվում մենաշնորհային դաշտ մի շարք ոլորտներում»,- նշել է նա:ՎԶԵԲ ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ առեւտրի ոլորտում առկա հիմնախնդիրներին. ՓՄՁ-ների շուրջ 80%-ը զբաղված է հենց ներքին առեւտրով: Նրա խոսքով՝ շուկայում անընդհատ հայտնվում են հիպերմարկետներ, որոնք, գործելով քաղաքի առավել բնակեցված հատվածներում, իրենց առկայությամբ խոչընդոտում են փոքր խանութների աշխատանքին: Գեւորգ Պողոսյանն առաջարկում է վարել այնպիսի քաղաքականություն, որը կմղի հիպերմարկետներին դեպի քաղաքի քիչ բնակեցված հատվածներ, իսկ բնակելի մասերում կգործեին կրպակներն ու փոքր խանութները:Նա ընդգծել է նաեւ այն խնդիրը, որ, սովորաբար, խոշոր ներմուծողներն էլ հենց հանդիսանում են հիպերմարկետների սեփականատերերը, որոնք, ՓՄՁ-ներին առաջարկելով մատակարարման ոչ այնքան ձեռնտու պայմաններ, դուրս են մղում նրանց շուկայից: Tweet Դիտում՝ 4588