ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն այսօր ասել է, որ Հայաստանում մինչեւ 2017-ին, ամենայն հավանականությամբ, կգործի 17-18 առեւտրային բանկ:Այս մասին նա հայտարարել է այսօր Երեւանում՝ Հայաստանի բանկերի միության կազմակերպած Միջազգային բանկային խորհրդի (ԱՊՀ-ի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիաների Միջազգային համակարգող խորհուրդ) հերթական նիստի ժամանակ: Սամվել Ճզմաչյանի խոսքով՝ առեւտրային բանկերի բաժնետերերը մեծամասամբ մտադրված են հասցնել իրենց բանկերի կապիտալի չափը մինչեւ պահանջվող մակարդակը: Նա հիշեցրել է բանկային հատվածում արդեն ավարտված մեկ կոնսոլիդացիոն գործընթացի՝ Պրոկրեդիտ Բանկի եւ Ինեկոբանկի միավորման, ինչպես նաեւ մեկ այլ՝ Հայէկոնոմբանկին ԲՏԱ բանկի միացման մասին, որը դեռ ընթացքի մեջ է: «ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը՝ բարձրացնել բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն չափը մինչեւ 30 մլրդ դրամ, ռազմավարական քայլ է՝ ուղղված երկարաժամկետ հեռանկարում ֆինանսական համակարգի կայունության ապահովմանը, բանկային հատվածի մրցունակության բարձրացմանն ու ֆինանսական միջնորդությունների խորացմանը»,- ասել է նա:Բացի այդ, ըստ Սամվել Ճզմաչյանի, խոշորացման գործընթացները մասշտաբի էֆեկտի հաշվին կարող են նպաստել ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանն ու դրանց սակագների նվազեցմանը:Խոսելով դրամի փոխարժեքի մասին՝ Բանկերի միության նախագահը նշել է, որ վերջին շրջանում հայկական արժույթը տարածաշրջանի եղել է ամենակայուններից, չնայած որ 2014թ. վերջին արժեզրկվել է շուրջ 15%-ով: Նրա գնահատականով՝ այս պահին դրամը բավական ապահով դիրքում է՝ միջինում 480 դրամ՝ մեկ դոլարի դիմաց:«Անցյալ տարի տարածաշրջանի շատ երկրներում մենք ականատես եղանք այնպիսի երեւույթի, ինչպիսին է ազգային արժույթի կանխամտածված արժեզրկումը՝ արտահանման խթանման նպատակով: Մի շարք երկրներ, գնաճի անգամ երկնիշ ցուցանիշների պայմաններում, իրականացրին ագրեսիվ դեվալվացիոն քաղաքականություն, ինչը, ըստ իս, բացի կարճաժամկետ դրական արդյունքներից, միջնաժամկետում եւ երկարաժամկետում ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ընդգծել է Բանկերի միության նախագահը:Մինչդեռ Հայաստանում, Սամվել Ճզմաչյանի խոսքով, գերիշխում է մեկ այլ միտում: Արժեզրկված դրամը ձեռնտու չէ ՀՀ տնտեսությանը, քանի որ արտահանման խթանումից ստացված օգուտը չափազանց փոքր է, քան այն վնասը, որը կկրի բնակչությունը ներմուծվող ապրանքների թանկացումից եւ արտարժութային վարկերի սպասարկման դժվարացումից:Բանկերի միության նախագահը մտահոգություն է հայտնել նաեւ ՀՀ բանկային համակարգում վերջին շրջանում նկատվող չաշխատող վարկերի աճի կապակցությամբ, որն արդեն հասել է 10%-ի: Մյուս կողմից, նրա բնորոշմամբ` երեւույթը համընդհանուր բնույթ է կրում տարածաշրջանում: Tweet Դիտում՝ 10178