ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին եւ առեւտրային խորհրդատու Իգոր Զինովեւին: Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցչությունը՝ արձագանքելով ՏՄՊՊՀ նախագահի բարձրացրած մի շարք խնդիրների, որոնք վերաբերում են արտահանմամբ զբաղվող հայ գործարարներին:ՏՄՊՊՀ-ում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ոլորտում առաջացած մրցակցային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Արտակ Շաբոյանն ընդգծել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար առեւտրի եւ ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը, ինչը լիարժեք իրավական հիմքի վրա կդնի մատակարար-առեւտրային ցանց փոխհարաբերությունները: Պաշտոնյաներն էլ պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակում աջակցելու՝ ի հայտ եկած խնդիրների լուծման հարցում: Բացի այդ, ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչը ՏՄՊՊՀ նախագահին խնդրել է, որպեսզի հանձնաժողովն ուսումնասիրություն իրականացնի ՀՀ ջերմոցային տնտեսության ոլորտում: Անդրեյ Բաբկոյի խոսքով՝ քանի որ ՌԴ կառավարության աջակցությամբ Հայաստանում գործում է ջերմոցաշինության խթանման ծրագիր, ապա այս տեսանկյունից խնդիրը արդիական եւ կարեւոր է՝ հասկանալու, թե ինչպիսի մրցակցային իրավիճակ է այս ոլորտում: Անդրեյ Բաբկոն նշել է, որ Հայաստանում արտադրված բանջարեղենները մեծ պահանջարկ ունեն ՌԴ-ում, այդ իսկ պատճառով իրենց կողմից ծրագրի լիարժեք եւ բարեհաջող իրագործումը խիստ կարեւորվում է: Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ ՏՄՊՊՀ-ն պատրաստակամ է ուսումնասիրություն իրականացնելու այս ոլորտում:Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ նախագահի բարձրաձայնած խնդիրներին արձագանքել էր նաեւ ռուսական X5 Retail Group-ը: Tweet Դիտում՝ 3556