ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

17.05.2016 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն այսօրվա նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%:

ԿԲ-ում նշել են, որ ապրիլին արձանագրվել է 0.3% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -1.9%:

«Համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, սակայն ներկայումս միջազգային ապրանքային շուկաներում գնանկումային միտումները փոխարինվել են հարաբերական կայունությամբ: Այդուհանդերձ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին դեռեւս կշարունակվի արտաքին աշխարհի գնանկումային ազդեցության փոխանցումը ներքին գներին՝ չեզոքանալով ընթացիկ տարվա երկրորդ կեսին»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ՀՀ-ում արձանագրվել է տնտեսական ակտիվության զգալի ավելացում, որը պայմանավորվել է հիմնականում արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներում՝ սպասվածից ավելի դրական զարգացումներով:

«Դրական միտումներ են արձանագրվել նաեւ ներքին պահանջարկում՝ արտացոլելով նախորդ ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի եւ կառավարության կողմից իրականացրած խթանող քաղաքականության ազդեցությունը: Ընդ որում, նշված ժամանակահատվածում ՀՀ տնտեսության արտահանելի հատվածն ընդլայնվել է եւ արձանագրել աճի բարձր տեմպեր: Վերոնշյալ զարգացումներից ելնելով՝ ԿԲ սպասումները 2016թ. տնտեսական աճի վերաբերյալ ճշգրտվել են աճի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Միեւնույն ժամանակ, ԿԲ խորհուրդը գնահատել է, որ գնաճային սպասումները նվազել են՝ ԿԲ վարած հետեւողական դրամավարկային քաղաքականության արդյունքում: Քաղաքականության ազդեցության գործոնին ներկայումս ավելացել է նաեւ բնական գազի սակագնի սպասվող իջեցման գործոնը, որի հիման վրա էլ խորհուրդը նպատակահարմար է գտել դրամավարկային պայմանների ավելի մեծ քայլով թուլացումը: Նման քաղաքականության արդյունքում գնաճային միջավայրը 2016թ. երկրորդ կեսից աստիճանաբար կընդլայնվի եւ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին լրացուցիչ ռիսկերի դրսեւորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում եւս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9.25% եւ 6.25%:

Դիտում՝ 4873
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW