Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կֆինանսավորի Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագիրը՝ տրամադրելով €14,6 մլն սուվերեն վարկ:Ինչպես նշել են ՎԶԵԲ-ում, ֆինանսավորումը կտրամադրվի քաղաքի հիմնական փողոցների վերակառուցման եւ փողոցային լուսավորության արդիականացման համար եւ կհատկացվի երեք տրանշով:Վարկային համաձայնագիրը կնքվել է այսօր Լոնդոնում կայացած ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ`ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի եւ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Ֆրանսիս Մալիժի կողմից:Փողոցների վերակառուցման ծրագիրը կներառի նոր ասֆալտապատ մայթեր, կատարելագործված դրենաժային ենթակառուցվածք, հետիոտներիի համար բարելավված հարմարություններ եւ ընդհանուր ճանապարհային անվտանգության բարելավում: Փողոցային լուսավորության արդիականացումը կներառի նոր` էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսավորություն, վերահսկողության եւ մոնիտորինգի համակարգ, սյուների փոխարինում եւ վերանորոգում, ինչպես նաեւ սնուցման մալուխների փոխարինում: «Սա կկրճատի էլեկտրաէներգիայի սպառումը եւ նվազագույնի կհասցնի շահագործման եւ տեխսպասարկման ծախսերը, որի արդյունքում կբարձրանա սպասարկման որակը եւ կբարելավվի բնապահպանական չափանիշներին համապատասխանությունը: Ակնկալվում է, որ լուսադիոդային նոր լուսավորությունը զգալիորեն կկրճատի էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը եւ կհանգեցնի քաղաքապետարանի համար էլեկտրաէներգիայի տարեկան ծախսերի խնայողությանը»,- ասված է հաղորդագրությունում:«Այս կարեւոր ծրագիրը զգալիորեն կբարելավի Գյումրիի բնակիչների անվտանգությունն ու կյանքի որակը: Սա նաեւ մասնավոր հատվածի ներգրավման միջոցով ենթակառուցվածքների որակի բարձրացման հիանալի օրինակ է»,- ասել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:Ծրագիրը ներդրումային դրամաշնորհների տեսքով նաեւ €7,3 մլն համաֆինանսավորում կստանա ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամից եւ միջազգային այլ դոնորներից: Tweet Դիտում՝ 16776