Սահմանների հսկողության սարքերի հեղինակը ներդրումներ է փնտրում

02.05.2016 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Փի Էս Այ» (PSI) ընկերության հիմնադիր եւ գլխավոր տեխնոլոգ Սամվել Գեւորգյանը ներկայացրել է բազմակողմանի փորձարկված իրենց նոր տեխնոլոգիան, որով կարելի է լուծել ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական տարածքների ու սահմանների անվտանգության պահպանման խնդիրներ՝ ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա, օդային եւ ստորջրյա կիրառություններում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Սամվել Գեւորգյանն իր նախագիծը ներկայացրել է ապրիլի 29-ին եւ 30-ին ՀՀ Գիտությունների ազգայի ակադեմիայում կայացած՝ «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովի շրջանակում:

«Մեր նոր տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված սեյսմիկ դետեկտորները մարդու ակտիվությունը զգում են 300 մետրից հեռու (չոր հողի վրա մինչեւ 250 մետր հատ-հատ հաշվում ենք քայլերը, թաց հողի վրա՝ 100 մետրից ոչ պակաս): 6 կմ-ից մեր տեխնիկան զգում է տանկի մոտենալը, այսինքն` մինչեւ այն կմոտենա 4 ու կես կիլոմետր, որպեսզի կրակի, դու կարող ես նախորոք նկատել ու քայլեր ձեռնարկել: Ի տարբերություն գոյություն ունեցող սարքերի, որոնք զգում են միայն մարդու ընդհանուր ակտիվությունը, այն էլ ոչ ավել, քան 30-50 մետրից, մեր սենսորները ոչ միայն մարդու ակտիվություն են գրանցում, այլեւ մինչեւ 250 մետրի վրա կարողանում են հատ-հատ գրանցել ու հաշվել մարդու քայլերը: Ու նաեւ, գրանցված ազդանշանի համապատասխան վերլուծության արդյունքում մենք կարող ենք որոշել, թե ինչ օբյեկտ է մոտեցողը: Եթե ներկայում գործող սենսորների դեպքում հարկավոր է տեղադրել 35-60 հատ, ապա մեր սենսորներով հուսալի ու անվրեպ լինելու համար 1 կիլոմետրի վրա բավարար է 6-8 հատը: Աշխատեցնող մարտկոցները հարկավոր չի լինի փոխել ընդհանրապես»,- ասել է Սամվել Գեւորգյանը:

Գիտնականը նշել է, որ սահմանները հսկելու համակարգերի շուկան առաջիկա 5 տարում կազմելու է առնվազն $200 մլրդ:

«Շուկայի այս սեգմենտում վստահ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է մոտ $10 մլն ներդրում՝ անտոկոս վարկի ձեւով, ու հարկային արտոնություններ»,- ասել է PSI-ի հիմնադիրը:

Ընկերությունը վարկն ամբողջությամբ կմարի 5-10 տարվա ընթացքում:  Այս մասին մանրակրկիտ տեղեկություններով փաստաթուղթը մոտ մեկ տարի է, ինչ Սամվել Գեւորգյանը հանձնել է ՀՀ Գիտպետկոմի ղեկավարությանը՝ ՀՀ վարչապետին, կառավարությանն ու նախարարություններին տեղեկացնելու ակնկալիքով:

«Խնդրի լուծումը ընկերությանը հնարավորություն կտա առաջ շարժվել, ու առաջիկա 10-15 տարում մեր երկիր բերել հարյուրավոր միլիոն դոլարներ», - ասել է նա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 5161
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW