Երեւանի 2016թ. բյուջեն կվերանայվի՝ զինծառայողներին աջակցելու նպատակով

25.04.2016 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետին այսօր հանձնարարել է ուսումնասիրել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված եւ վիրավոր երեւանաբնակ զինծառայողների ընտանիքների առաջնային սոցիալական կարիքները եւ ներկայացնել դրանք՝ համապատասխան նպատակային աջակցություն ցուցաբերելու նպատակով:

«Այս օրերին շատ է խոսվում առաջնագծում զոհված եւ վիրավոր մեր զինծառայողների ընտանիքների խնդիրների մասին, բայց քչերն են փորձում ուսումնասիրել նրանց առաջնային կարիքները: Այս առումով, նախ եւ առաջ հանգամանալից ուսումնասիրեք եւ գնահատեք երեւանաբնակ այդ ընտանիքների առաջնային կարիքները, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուրի մասով ցուցաբերել անհատական մոտեցում», - ասել է Տարոն Մարգարյանը:

Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանին եւ Արամ Սուքիասյանին էլ հանձնարարել է քննարկել Երեւան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորությունը:

«Կարող է որոշակի ֆինանսական աջակցության անհրաժեշտություն առաջանալ: Ու հաշվի առնելով, որ Երեւան քաղաքի տարեկան ծրագիրն ու դրա ֆինանսական բաշխվածությունը նախօրոք սահմանված է, փորձենք վերանայել մասնավորապես մշակութային միջոցառումների համար նախատեսված բյուջետային միջոցները, որպեսզի անհրաժեշտության դեպքում սատար կանգնենք այդ ընտանիքներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ֆինանսական միջոցների վերանայման շրջանակում քաղաքապետը հանձնարարել է հաշվի առնել նաեւ ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կողմից համապատասխան դրամական փոխանցում կատարելու հնարավորությունը:

«Սոցիալական աջակցության ծրագրերից բացի, մենք եւս մեկ անելիք ունենք: Մեր զոհված տղաների ընտանիքների վիշտը ոչինչ չի կարող սփոփել, ցավը մեծ է, բայց եւ մեր պարտքն է վառ պահել մեր հերոսների հիշատակը: Նրանց հարգանքի տուրք մատուցելու եւ սխրանքներն անմահացնելու համար այն դպրոցներում, որտեղ նրանք սովորել են, պետք է ստեղծվեն մերօրյա հերոսների անկյուններ»,- ասել է քաղաքապետը: 

Դիտում՝ 3227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW