Երեւանում բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքեր կարտադրեն

23.04.2016 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» հոլդինգ՝ ներկա գտնվել հոլդինգի կողմից Հայաստանում շահագործման հանձնվող նոր արտադրական հզորությունների գործարկմանը՝ բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրությանը:

Նախագահին ներկայացրել են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ ակնկալվող արդյունքները, ՀԷՑ-ի 2016-20 թթ. զարգացման ծրագիրը, որի կարեւոր ուղղություններից են էլեկտրական ցանցերի վերակառուցումը եւ սարքավորումների փոխարինումը, կառավարման ավտոմատացված համակարգի եւ կառավարման միջազգային չափանիշների ներդրումը:

Սերժ Սարգսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի, ընկերության ղեկավարության, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի մասնակցությամբ տեղում խորհրդակցություն է անցկացրել ներկայացված ծրագրի եւ դրանով նախատեսված նոր արտադրության զարգացման հարցերի վերաբերյալ:

Ժամանակակից արտոնագրված էլեկտրասարքավորումներ արտադրող ձեռնարկությունների գործարկմամբ, ըստ պատասխանատուների, մեկնարկում է ՀԷՑ-ի հակաճգնաժամային ծրագրի առաջին փուլը, որի նպատակն է բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսա-տնտեսական գործունեության վերահսկողության ամրապնդումը: Նախագծի ներդրումների ընդհանուր արժեքը $20 մլն է:

Ծրագրի համաձայն՝ առաջիկայում կստեղծվի 500 նոր աշխատատեղ: Երկու ձեռնարկությունների շահագործմամբ սկիզբ է դրվում էլեկտրաէներգիայի հաշվիչների արտադրությանը, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման ավտոմատ համակարգերի համար արկղերի արտադրությանը: Վերջինս ոլորտում առաջատար ռուսական «Համակարգեր եւ տեխնոլոգիաներ» ընկերությունների խմբի հետ համատեղ նախագիծ է:

Նոր ինովացիոն սարքավորումները, մասնագետների հավաստմամբ, ոչ միայն թույլ են տալիս կառավարել էլեկտրաէներգիայի սպառումը, այլ նաեւ ապահովել տեղեկատվության հավաքագրման ավտոմատացումը, էապես բարձրացնել էլեկտրաէներգիայի սպառման չափումների ճշգրտությունը եւ հնարավորինս բացառել տեխնիկական անկատարության պատճառով առաջացած էլեկտրաէներգիայի գողության ու կորուստների հնարավորությունը:

Դիտում՝ 14641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW