ԵԱՏՄ վարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա Երեւանում

13.04.2016 | 18:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մոսկվայում անցկացվող՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստն անցկացնել մայիսի 20-ին Երեւանում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի համաձայն՝ այս մասին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

«Միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է հստակեցնել կողմերի տեսակետները, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել եւ նոր փաստաթղթեր պատրաստել։ Մասնավորապես, մենք պայմանավորվել ենք Երեւանում՝ հաջորդ նիստի ընթացքում, վերադառնալ նավթի եւ նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգի մասին հարցին։ Երեւանում կշարունակվի նաեւ երկաթուղային փոխադրումների հարցի քննարկումը։ ԵԱՏՄ վարչապետները պայմանավորվել են, որ նման հանդիպումներն ավելի հաճախ կկազմակերպեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նախատեսված էր անցկացնել անցած շաբաթ Երեւանում, սակայն ԵԱՏՄ խորհրդում նախագահող Ղազախստանն առաջարկել էր չեղյալ հայտարարել հանդիպումը՝ պայմանավորված նրանով, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման ժամանակ այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի վարչապետի մասնակցութունը կարող էր դիտարկվել որպես աջակցություն կողմերից մեկին»:

ՌԴ-ն ընդունել էր Ղազախստանի առաջարկը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի 7-ի երեկոյան ընդունելով Երեւան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, ասել էր.

«Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»:

Դիտում՝ 10784
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW