Երեւան, 28 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանն ամփոփել է անցնող տարվա ֆինանսական արդյունքները: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ելույթ ունենալով դեկտեմբերի 27-ի երեկոյան ԿԲ-ում կազմակերպված ընդունելության ժամանակ, Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ 2006 թվականի լավագույն արդյունքը գնաճի ցուցանիշն էր: Նա նշել է, որ տարեվերջի դրությամբ սահմանված 5% գնաճի ցուցանիշն ապահովվել է, իսկ տարեկան միջին գնաճային ցուցանիշը կազմել է 3%: Տիգրան Աարգսյանն ”աննախադեպ” է անվանել դրամավարկային քաղաքականության հիմնական ցուցանիշները: Մասնավորապես, դրամային զանգվածն աճել է 46%-ով եւ կազմում է 327 մլրդ դրամ, փողի զանգվածն աճել է 30%-ով եւ կազմում է 474 մլրդ դրամ, փողի բազան աճել է 38%-ով եւ կազմում է 277 մլրդ դրամ: Այս ցուցանիշների շնորհիվ, նշել է Տիգրան Սարգսյանը, դոլարիզացիայի մակարդակը հանրապետությունում նվազել է 10%-ով եւ առաջին անգամ բանկային ակտիվների 50%-ից ավելին դրամային արտահայտությամբ են: ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ բանակային համակարգի կապիտալն անցնող տարում աճել է 26%-ով, ընդ որում` շահութաբերության մակարդակը շարունակում է բարձր մնալ. առեւտրային բանկերը տարին կավարտեն 16 մլրդ դրամի շահույթով, ինչը 30%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Բարձր աճի տեմպ են արձանագրել նաեւ վարկային կազմակերպություները. տարվա ընթացքում բացվել է 7 նոր վարկային կազմակերպություն, եւ ներկայումս դրանց թիվը հասնում է 17-ի: Վարկային կազմակերպությունների կապիտալն աճել է 75%-ով: Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած ապահովագրական ընկերությունների քանակության կրճատմանը (տարեվերջին դրանց քանակությունը հասել էր 17-ի` տարեսկբի 23-ի փոխարեն), ապահովագրական ընկերությունների կապիտալն աճել է 29%-ով, իսկ ապահովագրական համակարգի շահույթն ավելացել է 87%-ով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8792