Այսօր Երեւանում մեկնարկել է ԱՄՆ դեսպանության Կանանց մենթորական ծրագրի 4-րդ ամենամյա շրջափուլը: Ծրագրի մեկնարկը Հայաստանի ամերիկյան համալսարանում ազդարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կինը՝ Լի Քարթերը: 2016-2017 թթ. շրջափուլում 61 կին մենթորներ՝ տարբեր ոլորտների կայացած պրոֆեսիոնալներ, իրենց խորհուրդներով ու փորձով կօգնեն տարբեր բուհերի բակալավրիատի եւ մագիստրատուրայի 62 ուսանողուհիների, ինչպես նաեւ «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի եւ «Մեր տուն» կազմակերպության սաներին: «Մեր ծրագրի թիրախում երիտասարդ կանայք են: Չնայած որ Հայաստանում կանայք հասարակության կարեւոր օղակն են, այնուամենայնիվ, նրանց ներգրավվածությունը պետական եւ մասնավոր ոլորտի բարձր պաշտոններում շարունակում է մնալ ցածր»,- ասել է Լի Քարթերը:Նրա խոսքով՝ կարիերայի միջին եւ ցածր օղակներում հայ կանանց ներգրավվածության ցուցանիշը բավական գոհացուցիչ է, սակայն իրենք կցանկանային ավելի հաճախ տեսնել կին ղեկավարների ու տնօրենների: Այս ծրագրի նպատակն էլ, Լի Քարթերի բնորոշմամբ, կանանց այս գործում աջակցություն ցուցաբերելն է:Կանանց եւ երիտասարդների աջակցման եւ զարգացման կենտրոնի նախագահ, ՀՈՒՄԿ (IATC) կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանն էլ, ընդգծելով մենթորինգի կարեւորությունը, նշել է, որ հայ ուսանողուհիներն իսկապես շահագրգռված են՝ ստանալու մենթորների կուտակած փորձը:«Այս ծրագիրը կոչված է հերթական անգամ ապացուցելու, որ մենթորինգը տեղ ունի նաեւ մեր հասարակության մեջ: Նրա դերը հատկապես կարեւոր եւ նշանակալից է երիտասարդ աղջիկների եւ կանանց զարգացման գործում»,- նշել է Հասմիկ Սահակյանը:Նրա խոսքով՝ ծրագրի կազմակերպիչները ջանք չեն խնայել մասնակիցների եւ մենթորների ճիշտ ընտրություն կատարելու գործում: Նա հույս է հայտնել, որ տարին կլինի արդյունավետ եւ հետաքրքիր ծրագրի մասնակիցների համար, որոնք հետագայում իրենք էլ կցանկանան հանդես գալ մենթորի դերում:2016-2017 թթ. ծրագիրն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժնի ու Կանանց եւ երիտասարդների աջակցման եւ զարգացման կենտրոնի հետ միասին: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը մենթորական ծրագրի իրականացումը սկսել են 2010-ից: Մենթորները խորհուրդներ են տալիս կարիերայի վերաբերյալ, ներկայացնում իրենց անձնական փորձը եւ օրինակ ծառայում խոստումնալից երիտասարդ ուսանողուհիների համար: Tweet Դիտում՝ 15408