Ամուլսարի ծրագիրը համապատասխանում է IFC-ի կատարողական չափանիշներին

25.03.2016 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Հարավային Կովկասի գծով տնօրեն Յան Վան Բիլսենն ասել է, որ Ամուլսարի ծրագիրը զարգացվում է բնապահպանական, սոցիալական, առողջապահական եւ անվտանգության տեսանկյունից լավագույն միջազգային փորձին համահունչ։

Յան Վան Բիլսենն այս մասին ասել է 168.am-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ամուլսարի ծրագիրը համապատասխանում է IFC-ի կատարողական չափանիշներին:

«Մենք հավատում ենք, որ հնարավոր է ունենալ պատասխանատու հանքարդյունաբերական ծրագրեր ցանկացած երկրում, եւ Հայաստանը բացառություն չէ։ Մենք օգտագործում ենք IFC-ի կատարողականի չափանիշերը՝ որպես հենք՝ բացահայտելու եւ գնահատելու հնարավոր բնապահպանական եւ սոցիալական ռիսկերը ցանկացած ծրագրում, որը մենք ֆինանսավորում ենք՝ անկախ արդյունաբերության ճյուղից կամ ոլորտից։ Մեր հաճախորդները, ներառյալ՝ հանքարդյունաբերության ոլորտում, օգտագործում են այս չափանիշերը ծրագրի ազդեցությունները գնահատելիս»,- ասել է Յան Վան Բիլսենը:

Նա ընդգծել է, որ ինչպես մյուս ծրագրերի դեպքում, այնպես էլ Ամուլսարի հանքի պարագայում IFC-ն վերահսկում է ծրագրի համապատասխանությունն այս չափանիշերին։

Անդրադառնալով Ամուլսարի ծրագրում խոշոր ներդրում կատարելու IFC-ի որոշմանը՝ Յան Վան Բիլսենն ասել է, որ IFC-ն աջակցում է արդյունահանող ոլորտի զարգացմանը, «քանի որ, լավ կառավարման դեպքում, բնական ռեսուրսների հարստությունը կարող է բերել կայուն տնտեսական զարգացման»։

«Երբ հանքարդյունաբերությունը առաջնային ճյուղ է հանդիսանում, այն կարող է խթանել աճը եւ օգնել տնտեսության դիվերսիֆիկացիային։ Օգուտները ներառում են էական պետական եկամուտներ հարկերի եւ ռոյալթիների տեսքով, որոնք կարող են ներդրվել արդյունավետ մարդկային եւ ֆիզիկական կապիտալում։ Ավելին, հանքարդյունաբերությունը կարող է նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը, որն այլ պարագայում կարող էր տեղի չունենալ, եւ ստեղծել ուղղակի կամ անուղղակի դրական ազդեցություններ, ներառյալ՝ փոխադրումների եւ էներգետիկայի ոլորտներում ավելի լայն հասանելիություն, արդյունավետության ու աճի խթանում»,- ասել է IFC-ի Հարավային Կովկասի գծով տնօրենը:

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը տալիս է աշխատատեղերի անուղղակի ստեղծման հնարավորություն մատակարարների իր շղթայի միջոցով:

«Մենք խրախուսում ենք, որ մեր հաճախորդներն աշխատեն համայնքների փոքր բիզնեսների հետ, այնպես, որ նրանք կախված չլինեն հանքից՝ որպես եկամտի միակ աղբյուր, այլ ունենան բիզնես հնարավորություններ՝ հանքարդյունաբերությունից դուրս։ IFC-ի նպատակն է օգնել Հայաստանի նման երկրներին՝ զարգացնելու իրենց ռեսուրսները բնապահպանական եւ սոցիալական տեսանկյունից կայուն ձեւով, նպաստելու զարգացմանը, ընդհանուր բարեկեցությանը եւ աղքատության նվազեցմանը»,- հավելել է Յան Վան Բիլսենը:

Նշենք, որ Ամուլսարի ծրագիրն իրականացնում է «Գեոթիմ»-ը, որի 100% բաժնետերը «Լիդիան ինթերնեյշնլ»-ն է: IFC-ն վերջինիս բաժնետերերի թվում է:

IFC-ի Հարավային Կովկասի գծով տնօրենի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրի կայքում:

Դիտում՝ 14075
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW