«ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ կնքվել է $2 մլն-ի վարկային պայմանագիր՝ ուղղված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շահառուներին:Ինչպես նշել են ընկերությունում, այս ֆինանսավորումը հիմնական շահառու հանդիսացող ՓՄՁ-ներին եւ կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել «Գրին Լիզինգ Cashback»-ի առավելությունից: Այն ենթադրում է լիզինգի պայմանագրի գումարի 10-15%-ի վերադարձ շահառուին:«Սա արդեն 2-րդ հաջողված համագործակցությունն է ՎԶԵԲ-ի հետ, որն այս անգամ ուղղված է էներգախնայող սարքավորումների եւ տեխնոլոգիաների լիզինգին՝ արդեն շուրջ 2 տարի ընկերության կողմից ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում:«Ես բարձր եմ գնահատում «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության կատարած աշխատանքը լիզինգի ոլորտում եւ համոզված եմ, որ էներգախնայման սարքավորումների եւ տեխնոլոգիաների ներդրումն ավելի լայն տարածում կստանա «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ծավալած գործունեության շրջանակում»,- նշել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնoրեն Մարկ Դեյվիսը:«Այս պայմանագիրը հանդիսանում է ՎԶԵԲ-ի եւ «ԱԳԲԱ Լիզինգ»-ի միջեւ արդեն հաջողությամբ կնքված շարունակական համագործակցության վկայական, ինչպես նաեւ սկիզբ է դնում «Գրին Լիզինգ»-ի շրջանակում էներգախնայողությանն ուղղված գործունեության է՛լ ավելի փոխշահավետ պայմանների: «ԱԳԲԱ Լիզինգ»-ն այս եւ այլ ներգրավված ռեսուրսների հաշվին շարունակելու է իր որդեգրած հաճախորդամետ քաղաքականության շրջանակում նպաստել թե՛ էներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորմանը եւ թե՛ շրջակա միջավայրի պահպանությանը»,- իր հերթին ասել է «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը: «ԱԳԲԱ Լիզինգ»-ն ու ՎԶԵԲ-ը համագործակցում են վերջինիս Էներգակրեդիտ ծրագրի շրջանակում, որի նպատակն է տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով վարկեր տրամադրել կորպորատիվ եւ անհատ օգտատերերին` կովկասյան տարածաշրջանում էներգախնայող եւ վերականգնվող էներգիայի ներդրումներ եւ ծրագրեր իրականացնելու համար: Եվրոպական Միության Հարեւանության ներդրումային ծրագրի հետ համատեղ առաջարկվում է էներգակրեդիտ վարկի 10% կամ 15% չափով գումարի վերադարձ` էներգախնայող սարքավորումների եւ տեխնոլոգիաների ներդրման համար: Ավստրիայի ֆինանսների նախարարության օժանդակությամբ տեղի եւ միջազգային փորձագետների կողմից տրամադրվում է փորձագիտական խորհրդատվություն եւ տեխնիկական աջակցություն: Tweet Դիտում՝ 3555