Տիգրան Սարգսյան. ԵՏՀ-ին հարկավոր է բիզնեսի աջակցությունը

17.03.2016 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինտեգրացիայի արդյունավետ զարգացման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) անհրաժեշտ է բիզնեսի աջակցությունը՝ հօգուտ ձեռնարկատիրական համայնքի ու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների քաղաքացիների:

Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության ղեկավարների՝ նախագահ Ալեքսանդր Շոխինի ու գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Մուրաչյովի հետ հանդիպմանը:

«Ներկայիս տնտեսական իրավիճակում ես մեծ հույսեր եմ կապում գործարար հանրության հետ, որը շարժիչ ուժ կդառնա ինտեգրացիոն գործընթացների համար, այդ թվում՝ չորս «ազատությունների» ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղափոխման ազատության իրականացման առումով»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ գործարար հանրությանը հարկավոր է միավորել ուժերը, որպեսզի Միության երկրներում իրականացվեն համատեղ նախագծեր երրորդ պետությունների շուկաներ դուրս գալու համար:

Ալեքսանդր Շոխին, իր հերթին, նշել է ԵՏՄ Գործարար խորհրդի ու ԵՏՀ-ի համատեղ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը: Նա առաջարկել է Տիգրան Սարգսյանին ԵՏՀ-ի ու ԵՏՄ Գործարար խորհրդի միջեւ առաջիկայում փոխգործակցության մասին հուշագիր ստորագրել:

Նշենք, որ փետրվարի 9-ին ԵՏՀ Կոլեգիան հավանություն է տվել համապատասխան հուշագրին, որում վերահաստատվում է Միության երկրների գործարար հանրությունների շահերը հաշվի առնելու կարեւորությունը:

Դիտում՝ 9766

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW