ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, որն այս օրերին աշխատանքային այցով Լիբանանում է, իր գոհունակությունն է հայտնել «Արցախ Րութս Ինվեսթմընթ» (ԱՐԻ) ընկերությանը՝ կապված Արցախում վերջինիս կատարած աշխատանքների հետ, որոնք ընդգրկել են միլիոնավոր դոլարի ներդրումներ:Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, այս մասին Արցախի վարչապետը հայտարարել է նախօրեին՝ ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում:«Ուրախ եմ, որ տարեցտարի աճում է թե՛ շահառուների, թե՛ բաժնետերերի թիվը, ինչը վկայում է ծրագրի արդյունավետության եւ վստահելիության բարձր մակարդակի մասին: Հավատացած եմ, որ ժամանակի ընթացքում ավելի շոշափելի ձեռքբերումներ կարձանագրենք մեր ճանապարհին՝ Քաշաթաղի շրջանին հնարավորություն ընձեռելով զարգացման նոր փուլ թեւակոխել»,- նշել է Արայիկ Հարությունյանը:Նրա խոսքով՝ ԱՐԻ-ն «օրինակելի նախագիծ է աշխարհասփյուռ հայության համար, քանի որ այն, կառավարության երաշխիքներով ու տոկոսների մասնակի սուբսիդավորմամբ, ընդգրկում է փոքր եւ միջին ներդրումներ մեր հայրենակիցների կողմից»: «Ընկերության կողմից տրամադրվող միկրովարկերի միջոցով թե՛ Արցախի բնակիչներն են հնարավորություն ստանում եկամուտի սեփական աղբյուր ստեղծել, թե՛ բաժնետերերն են շահույթ ստանում իրենց ներդրումներից՝ միաժամանակ հայրենիքի համար օգտակար գործ կատարելով»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:Նշենք, որ «Արցախ Րութս Ինվեսթմընթ»-ը ստեղծվել է 2009թ. լիբանանահայ գործարարների կողմից: Ընկերության ծրագրերի թվում են գյուղատենտեսական փոքր վարկերի տրամադրումը եւ Քաշաթաղի Աղավնո համայնքում բնակարանների կառուցումը: Tweet Դիտում՝ 2904