Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում ակնկալում են, որ ֆաբլեթների (ծալվող սմարթֆոն) կիրառումը կավելացնի ինտերնետ եւ մոբայլ բանկի տարածումը Հայաստանում:Այս մասին ասված է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցի՝ «Ծալվող սմարթֆոնները շուտով իրականություն կդառնան. Ինչպիսին կլինի դրանց ազդեցությունը Հայաստանում Մոբայլ բանկինգի հաճախորդների վրա» վերտառությամբ հոդվածում:«Հայաստանում HSBC «Մոբայլ բանկ» հավելվածի մեկնարկից գրեթե մեկ տարի անց ինտերնետային բանկային ծառայություններից օգտվողների 41%-ն անցել է մոբայլ բանկին: Մեր առօրյայում «ֆաբլեթների» հայտնվելու հետ մեկտեղ մենք ակնկալում ենք, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ինտերնետ եւ մոբայլ բանկին նախընտրություն տվող հաճախորդների թիվը կաճի առավել արագ տեմպով»,- գրել է Թիես Քլեմենցը: Նա նշել է, որ բանկի անկանխիկ գործարքների ավելի քան 80%-ն արդեն իրականացվում է ինտերնետային կամ մոբայլ բանկի միջոցով: Ընդ որում, մոբայլ բանկի հավելվածի միջոցով կատարվող գործարքներից ամենատարածվածը դեռեւս կրեդիտ քարտի համար վճարումն է: Նկատվում է նաեւ հստակ աճ ժամկետային ավանդի հաշվի բացման եւ արտերկիր փոխանցում կատարելու գործարքների վիճակագրական տվյալներում: Ուշագրավ է, որ Էյչ-Էս-Բի-Սի-ի վերլուծաբաններն ընթացիկ տարում ակնկալում են ծալվող սմարթֆոնների մուտքը շուկա:«Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաներից ակտիվորեն օգտվողներից շատերը հաճախ կանգնում էին ընտրության առջեւ՝ պլանշետ, թե՞ հեռախոս: Մեծ էկրանն ավելի հարմար է օգտագործման համար, իսկ փոքր չափի սարքը հեշտությամբ կարելի է տեղավորել գրպանում կամ պայուսակում: Այս տարի սպասվող ծալվող սմարթֆոնի շնորհիվ այդ ընտրության կարիքն այլեւս չի լինի: Էկրանը կծալվի՝ գրեթե կիսով չափ փոքրացնելով սարքը»,- ասված է հոդվածում:Բացի այդ, այս տարի HSBC-ն Միացյալ Թագավորությունում գործարկում է անձի ինքնության հաստատման նորագույն համակարգեր՝ հպումով (Touch ID) եւ ձայնային (Voice ID): Առաջիկա երկու տարիներին նախատեսվում է անձի ձայնային հաստատման համակարգի ներդրումը նաեւ Հայաստանում: «Ելնելով տեխնոլոգիաների քառատրոփ զարգացման եւ սոցցանցերի նույնչափ արագ տարածմանը, անհրաժեշտ է որպեսզի մենք մշտապես հարմարվենք նոր եւ արագ զարգացող միջավայրին: Այդ է պատճառը, որ մենք ներդրումներ ենք կատարում նոր տեխնոլոգիաների մեջ՝ էլ ավելի հարմարավետ դարձնելու համար մեր ծառայությունները Հայաստանում մոբայլ բանկի 5000 հաճախորդների համար, նրանց, ովքեր արդեն ներբեռնել են հավելվածը, ինչպես նաեւ նրանց, ովքեր ամեն օր իրենց ընտրությունն են կատարում մոբայլ բանկի օգտին»,- նշել է Թիես Քլեմենցը: Tweet Դիտում՝ 21423