ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռոբերտ Հարությունյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: Այսօր՝ ավելի վաղ, նախագահը հայտարարել էր, որ օրվա ընթացքում կնշանակվի արտաքին գործերի փոխնախարարը, որը պետք է համակարգի ՀՀ տնտեսական հարաբերությունները, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները եւ ընդհանրապես, պետք է զբաղվի զուտ արտաքին տնտեսական հարաբերություններով: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ում վերոնշյալ լիազորություններով փոխնախարար նշանակելու որոշման մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր այս տարվա փետրվարին: Ռոբերտ Հարությունյանը ծնվել է 1975թ. մայիսի 2-ին: 1998թ. ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան (բակալավրի աստիճան, ֆինանսներ եւ վարկ): 2007-2010 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում (տնտեսական գիտությունների թեկնածու, ապահովագրություն): Շվեյցարական բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոս (MBA) է: 1998-ից մինչեւ 1999թ. եղել է ՀՀ Կենտրոնական բանկի արժութային գործարքների բաժնի մասնագետ: 1999-2002 թթ. ղեկավարել է ՀՀ ԿԲ արժութային գործարքների բաժինը: 2002-2008 թթ. եղել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրենը: 2002-2008 թթ. նաեւ աշխատել է Ֆինանսաբանկային քոլեջում՝ որպես դասախոս: 2008-2014 թթ. ղեկավարել է «Զարգացման հայկական գործակալությունը»: 2015թ. հունվարի 12-ից եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (նախարար) անդամ: Նշենք, որ Ռոբերտ Հարությունյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է: Tweet Դիտում՝ 4300